31 մարտի 2006 - 20:38 AMT
Դ.Ֆրիդ. Ընտրությունները Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման առանցքային տեստն են
Միացյալ Նահանգներն ակնկալում են, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Հայաստանում 2007 եւ 2008 թթ. կհամապատասխանեն ազատ եւ արդար ընտրությունների միջազգային չափանիշներին: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Իր ելույթում նա նաեւ անդրադաձել է այնպիսի տարածաշրջանային հարցերի, ինչպիսիք են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, էներգետիկ անվտանգությունը եւ պատերազմը ահաբեկչության դեմ: Ըստ Ֆրիդի, Բուշի վարչակազմը լրջորեն է ընկալում հայկական կառավարության հավաստիացումներն այն մասին, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: Ընտրությունները Հայաստանի կողմից մարտի 27-ին ստորագրած «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրով իր պարտավորությունների կատարման առանցքային տեստն են»,-ասել է նա:
«Մենք պետք է հասնենք այդ նպատակին, պահպանելու համար մեր հարաբերությունները»,-ավելի վաղ ասել էր Ֆրիդը, ելույթ ունենալով Վաշինգտոնում Ամերիկայի Հայկական համագումարի ազգային խորհրդաժողովի մասնակիցների առջեւ: Նա պայմանագիրը անվանեց Հայաստանի կողմից տրված` առաջընթաց գրանցելու եւ ավելիին հասնելու կառավարման, տնտեսական ազատության եւ սեփական ժողովրդի շրջանում ներդում անելու խոսոտւմ: «Հայաստանն ունի ներուժ տարածաշրջանում առաջատար դառնալու համար, առաջընթաց գրանցելով ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում, որոնք համընթաց են տնտեսական աճին»,-ասել է Ֆրիդը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ստորագրեց «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագիրը` երկկողմ պայմանագիր, ըստ որի նրան 235 մլն դոլար կհատկացվի 5 տարի ժամկետով: Այդ միջոցները կուղղվեն գույղական ավտոճանապարհաշինությանը, ոռոգման համակարգի զարգացմանն ու դրենաժային աշխատանքներին, որոնք թույլ կտան ավելացնել գյուղական շրջանների ջրամատակարարման ծավալները: