1 ապրիլի 2006 - 14:48 AMT
Զինադադարի խախտման փաստերը Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների արտահայտությունն են
ԱՄՆ-ում իր աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մարտի 30-ին եւ 31-ին հանդիպումներ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի, Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի նախագահ Յան Էլիասոնի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Քեմալ Դերվիշի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Քոֆի Աննանի եւ Յան Էլիասոնի հետ հանդիպումներում Վ.Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը, ինչպես նաեւ վերջին շրջանում հաճախակի դարձած զինադադարի խախտումները: Նա հայտնեց Հայաստանի մտահոգությունը Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, նշելով, որ ադրբեջանական զինվորականության կողմից հակամարտության շփման գծի երկայնքով զինադադարի խախտումները դրա արտահայտությունն են: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ ՄԱԿ-ի բարեփոխումների հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ Վ. Օսկանյանը շարադրել է Հայաստանի մոտեցումները: Այս հանդիպումների, ինպես նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Քեմալ Դերվիշի հետ զրույցի ընթացքում նախարար Օսկանյանը նշեց Հայաստանի վճռականությունը նպաստելու գյուղական շրջանների զարգացմանը: Ընդգծվեց, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված Հազարամյակի մարտահրավերի պայմանագիրը նոր լիցք կհաղորդվի Հայաստանի կառավարության պատրաստակամությանը մշակելու համապարփակ գյուղական զարգացման ծրագիր` հիմնված հասարակական եւ մասնավոր համագործակցության վրա, որն իր մեջ կներառի Սփյուռքին, Հայաստանի գործարարներին, կառավարությանը եւ միջազգային կազմակերպություններին:-0-