3 ապրիլի 2006 - 16:47 AMT
Մայիսին նախատեսվում է Մինսկի խբմի այցը տարածաշրջան
2006 թվականը նոր է սկսվել եւ դեռեւս ղարաբաղյան հակամարտությունը մինչեւ տարեվերջ կարգավորելու հույս կա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրվա վերաբերյալ: «Բանն այն է, որ ժամանակցույցերը չեն համընկնում եւ մեզ համար այժմ դժվար է պայմանավորվել ապագա հանդիպման որոշակի վայրի եւ ժամանակվա մասին: Ապրիլի 7-ին Հայաստանի արտգործնախարարը կլինի Մոսկվայում, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը` Վաշինգտոնում: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան տեղի կունենա մայիսին: Այն ժամանակ էլ հնարավոր կլինի պայմանավորեվլ ԱԳ նախարարների այցի մասին»,-ասել է Յու.Մերզլյակովը` հավելելով, որ հավանաբար ապրիլին տարածաշրջան կժամանի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը, ապա ռուս համանախագահը նշել է, որ դեռեւս վաղ է դրա մասին խոսելը: «Հանդիպումը պետությունների նախագահների մակարդակով պետք է պատշաճ ձեւով նախապատրաստվի, իսկ դրա համար ժամանակ է պետք»,-նշել է նա: