3 ապրիլի 2006 - 17:02 AMT
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը դրական է գնահատել Դորթմունդի խմբի ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում ԼՂՀ ժամանած` Դորթմունդի խորհրդաժողովի` տարածաշրջանային հակամարտությունների հարցերով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էին համանախագահներ Վիտալի Նաումկինը (Ռուսաստան) եւ Հարոլդ Սոնդերսը (ԱՄՆ): Զրույցի մասնակիցները քննարկել են խաղաղ գործընթացի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի նախագիծը, որը պատրաստվել է Դորթմունդյան խորհրդաժողովի շրջանակներում Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակայնության ներկայացուցիչների երկխոսության ինը փուլերի արդյունքում: Հանդիպմանը համանախագահները ներկայացրել են մշակված փաստաթղթի հիմնարար սկզբունքները, նշելով նրա փոխզիջողական բնույթը: Նրանց կարծիքով, շրջանակային համաձայնագրի նախագիծը չի առաջարկում լուծումներ, այն միտված է հակամարտության կողմերի միջ- հաստատուն երկխոսության համար պայմանների ստեղծմանը:

Իր հերթին, ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, դրական գնահատելով հակամարտության փոխընդունելի լուծման ուղիների որոնման ուղղությամբ աշխատանքային խմբի ջանքերը, որպես դրական կողմ, նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը Դորթմունդյան խորհրդաժողովի շրջանակներում ընթացող երկխոսությանը: Միաժամանակ, Գեորգի Պետրոսյանը կարեւորել է գործող հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի օգտագործման անթույլատրելիության համար բոլոր միջնորդների եւ շահագրգիռ միջազգային կառույցների եւ կազմակերպությունների կողմից իրենց բարոյական պատասխանատվության գիտակցումը, անկախ` բանակցային գործընթացին մասնակցելու եւ օժանդակելու պաշտոնական մանդատի առկայությունից կամ բացակայությունից: