23 հոկտեմբերի 2013 - 12:18 AMT
Ինչո՞վ է պայմանավորված ձվի դեֆիցիտը Հայաստանում

Ձվի շուկայում առաջացած դեֆիցիտի պատճառը ֆինանսական դժվարություններն էին, որ ունեին տեղական արտադրողները: Վարկերի վերաֆինանսավորման նպատակով տնտեսվարող սուբյեկտները դիմել էին առևտրային բանկերին, որոնք իրենց հերթին գործարքը կատարեցին ոչ թե օգոստոսին, այլ հոկտեմբերին: Արդյունքում արտադրողներին չհաջողվեց ժամանակին նոր ածան հավեր ձեռք բերել:

Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, նոյեմբերի 5-ից արդեն տեղական արտադրության վաճառքի ձու կունենանք խանութներում, սակայն փոքր չափի՝ ավելի ցածր գնով:

«Ձվի շուկայի նկատվող թանկացումն անտրամաբանական է, ոչ արդարացված, օբյեկտիվ պատճառ չեմ տեսնում: Թանկացումն անկազմակերպ, տնտեսական ոչ օպտիմալ քաղաքականություն վարելու հետևանք է»,- հոկտեմբերի 19-ին ասուլիսում նման կարծիք էր հայտնել «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, ԳԱ սննդի անվտանգության պետական ծառայությունը, ՏՄՊՊՀ-ն են պատասխանատու, որպեսզի վերահսկեն շուկաներում նկատվող թանկացումները, բայց այդ կառույցները էֆեկտիվ չեն աշխատում, մշտապես ասում են, որ պլանային ստուգումներ են նախատեսված, այսինքն` օպերատիվ արձագանք չկա:

Պողոսյանի խոսքով, Հայաստանում պարենային բոլոր ապրանքները թանկացել են, բացի շաքարավազից, մինչդեռ համաշխարհային շուկայում ամեն ինչի գինը նվազում է:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ին հակամենաշնորհային մարմնի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ պահանջել են շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 4 ընկերություներից՝ «Արաքս», «Արզնի», Լուսակերտի և Աշտարակի թռչնաֆաբրիկաներից հիմնավորել ձվի գների բարձրացումը:

Ըստ Սննդամթերքի անվտանգության պետծառայության, մեր հանրապետությունում մինչև սեպտեմբեր սննդային ձու ներկրելու թույլտվության համար դիմած6 ընկերությունից իրավունք է ստացել 3-ը: Դրանց թվում են նաև նախկինում ձու արտադրող Լուսակերտի, Երևանի, «Արաքս», «Արզնի» թռչնաֆաբրիկաները:

Զուգահեռ արագ տեմպերով ավելանում է նաև ներկրված ձվի քանակը: Եթե այս տարվա մայիսին ներկրվել է 329 400 հատ ձու, ապա սեպտեմբերին` 2 մլն 623 հազար 599 հատ, իսկ հոկտեմբերի առաջին 15 օրվա ընթացքում` 1 մլն 466 հազար 967 հատ: Ընդհանուր առմամբ, ծառայության աշխատակազմի ղեկավարի տրամադրած տվյալներով, այս տարվա ընթացքում` հոկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստան է ներկրվել 4 870 033 հատ սննդային ձու: ՀՀ ձու բերվել է միայն Վրաստանից ու Ուկրաինայից, իսկ այս պահի դրությամբ ձու բերվում է Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից ու Վրաստանից:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է շուկան, արդյունքները, ամենայն հավանականությամբ, պարզ կլինեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը մամուլի ասուլիսին ասել է, որ, մասնավորապես, եգիպտացորենի գներն աճել են 82 %-ով, սոյայինը՝ 62 %-ով: Բացի այդ, հանրապետությունում նկատվում է ածան հավերի թվաքանակի նվազում: Հարցին լուծում տալու նպատակով, ըստ Ստեփանյանի, վերջերս Հայաստան է ներկրվել մոտ 180 հազար ածան հավ: Սակայն, ըստ մասնագետի, դա բավարար չէ, քանի որ հարկավոր է ներկրել ևս 80 հազարը՝ առաջիկա ամիսներին գլխաքանակը լիովին թարմացնելու համար, ինչը թույլ կտա խուսափել գնաճից:

2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 38.6%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 9.4% գնաճ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է ձվի 7.6-19.1% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.8%-ով:

Օգոստոսին արտադրվել է 45,7 մլն հատ ձու, ինչը 3,6 %-ով քիչ է, քան 2012 թվականի օգոստոսին: Օգոստոսի 1-ին ձվի գինը միջինը եղել է 72 դրամ՝ նախորդ տարվա օգոստոսի 54 դրամի դիմաց: Ընդ որում, մայրաքաղաքի որոշ խանութներում 1 հատ ձվի գինը հասնում է 80 դրամի: