23 հոկտեմբերի 2013 - 14:47 AMT
Ալի Լարիջանի. ԱՄՆ-ն չի կարող պայմաններ առաջադրել Իրանին

Իրանին պայմաններ առաջադրելուց առաջ ԱՄՆ-ն պետք է սթափ վերլուծի իրավիճակը, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին խորհրդարանում, հայտնում է Fars գործակալությունը:

Լարիջանիի դիտողությունը պատասխան էր այն պայմաններին, որ առաջ է քաշել ԱՄՆ-ն նոյեմբերի 23-ին Ժնևում կայանալիք խորհրդաժողովի կապակցությամբ՝ Սիրիայի հարցի վերաբերյալ: «Եթե Իրանը ցանկանում է մասնակցել խորհրդաժողովին, պետք է հետևյալ պայմաններին համաձայնվի՝ ընդունի խորհրդաժողովի արդյունքները և համաձայնվի, որ Սիրիայի նախագահ Ասադը չպետք է մասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին»,-գտնում են ԱՄՆ-ում:

Ըստ խոսնակի, ամենևին կարիք չկա պայմաններ առաջ քաշել Իրանի առջև: Եթե Սիրիայի ժողովուրդը չսատարեր Ասադին, ԱՄՆ-ն դեմ չէր լինի նրա մասնակցությանը ընտրություններին: «ԱՄՆ-ն չի կարող թելադրել, թե ով է մասնակցելու Սիրիայում նախագահական ընտրություններին, դա հակասում է միջազգային օրենքներին»,-ասել է Լարիջանին:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Իրանը մասնակցելու է Ժնևի խորհրդաժողովին:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կասկածում է, որ Իրանը կարող է կառուցողական դերակատարություն ունենալ խորհրդաժողովում:

Ժնևի խորհրդաժողովը պետք է տեղի ունենար նոյեմբերի ավարտին: Խորհրդաժողովի անցկացման նախաձեռնողներն են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Հոկտեմբերի 13-ին Սիրիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարեց, որ մտադիր չէ մասնացել «Ժմև-2» բանակցություններին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: