Սիրիայի ընդդիմությունը կմասնակցի «Ժնև-2»-ին միայն եթե հեռանկարում նախագահ Բաշար Ասադը հեռանա իշխանությունից, հայտարարել է «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպման ավարտին կայացած մամլո ասուլիսում Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մինչ այդ նա հայտարարում էր, որ չի մեկնի Ժնև, եթե խորհրդաժողովի նպատակը չի լինելու Ասադի պաշտոնանկությունը: «Սիրիայի ընդդիմությունը կարող է կորցնել վստահությունը, եթե ենթարկվի միջազգային հանրության ճնշմանը ու մասնակցի «Ժնև-2»-ին՝ հրաժարվելով Ասադի պաշտոնանկության պայմանից»,-ասել է Ջարբան:
Բրիտանական ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը Լոնդոնում «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը հայտարարել է, որ Ասադի պաշտոնանկությունը պարտադիր պայման չէ Արևմուտքի համար Ժնևում Սիրիայի գծով խորհրդաժողով գումարելու համար: «Ժնև-2» գումարման նախաձեռնողներն են ՌԴ-ն ու ԱՄՆ-ն: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին հայտարարել է կիրակի օրը, որ Սիրիայի գծով խորհրդաժողոցը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը նշել է նոյեմբերի 23-24-ը:
Հոկտեմբերի 13-ին Սիրիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարեց, որ մտադիր չէ մասնացել սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ «Ժմև-2» բանակցություններին:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:Գրոհայինների հիմնական նպատակն է իսլամական երկրի ստեղծումը Սիրիայի տարածքում, որը կապրի շարիաթի օրենքներով:
«Սիրիայի բարեկամներ» խումբը միջազգային դիվանագիտական խումբ է, որի անդամ երկրների ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են իրավիճակը Սիրիայում քննարկելու նպատակով ՄԱԿ ԱԽ շրջանակից դուրս: Խումբը ստեղծվեց ի պատասխան Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի ՄԱԿ ԱԽ-ում: