1 նոյեմբերի 2013 - 14:34 AMT
ԿԱՐԾԻՔ
Աուրելիա Գրիգորիուն կրկին հիշեցնում է իր մասին

Սկանդալային ճանաչում ստացած Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրիելիա Գրիգորիուն հիշեցնում է իր մասին ադրբեջանական մամուլի միջոցով: Տպավորություն է առաջանում, որ նա մինչ օրս «հիացած է» Երևանում 4 ամիս առաջ ունեցած իր ելույթից: Կան մարդիկ, հատկապես քաղաքականության մեջ, որոնց թվում է թե իրենց բոլորը մոռացել են, եթե նրանց մասին մշտապես չեն խոսում: Ահա և ստիպված են լինում հիշեցնել իրենց մասին: Սակայն ամբողջ ցավն այն է, որ տիկին Գրիգորիուն ստիպված է հիշեցնել իր մասին ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով և միայն խոսում է հայերի կողմից ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին: Իսկ Բաքվին էլ հենց դա է պետք՝ ավելորդ անգամ ժողովրդավարական ու հանդուրժող երևալ: Ահա երեկ, լինելով Բաքվում, տիկին Գրիգորիուն կրկին բողոքել է հայերից, այս անգամ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցչին:

Մոլդովայի օմբուդսմենը օգնություն է խնդրել Ազայ Գուլիևից իր իրավունքների պաշտպանության համար և հորդորել է արծարծել այդ հարցը ԵԱՀԿ ԽՎ-ում: Բաքվի արձագանքը բնական էր. Գուլիևը շնորհակալություն է հայտնել Գրիգորիուին և ասել է, որ ուշադրության կենտրոնում կպահի այդ հարցը և կբարձրացնի այն ԵԱՀԿ ԽՎ-ում:

Սակայն սա դեռ ամենը չէ: Մոլդովայի օմբուդսմենը պարգևատրվել է միլի մեջլիսի պատվո մեդալով: Հանդիպման ժամանակ մեջլիսի խոսնակ Օքտայ Ասադովը ադրբեջանական ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Գրիգորիուին «երկրի արդար դիրքորոշմանը սատարելու» և ՀՀ խորհրդարանում հայաստանյան քաղաքականության խիստ քննադատությամբ հանդես գալու համար: Նա նաև նշել է, որ Մոլդովայի օմբուդսմենի հետապնդումը Հայաստանում մեկ անգամ ևս ցույց տվեց «հայերի քաղաքականության ահաբեկչական էությունը»:

Հայաստանում արդեն վաղուց են մոռացել Գրիգորիուի սկանդալային և անթույլատրելի ելույթի մասին, և հավանաբար, դատելով այս ամենից, դա նրա համար վատագայուն զարգացումն է, քանի որ բոլորին էլ պարզ է, թե ով է պատվիրել ու վճարել այդ ելույթի համար: Զարմացնում է Մոլդովայի իշխանությունների դիրքորոշումը, որոնք մինչ օրս հանդուրժում են սկանդալային օմբուդսմենին, որը Մոլդովայում ու Մերձդնեստրյան հանրապետությունում մարդու իրավունքների խախտումներով, միջամտում է օտարերկրյա պետության շահերին, եթե հաշվի առնենք, որ այդ պետությունն է նրան հրավիրել:

Միակ բանը, որ պետք է աներ ՀՀ ՍԴ-ն, պետք է նախապես պահանջեր «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ելույթների տեքստը: Այ Բաքվում նման ելույթ լինել չէր կարող, այնտեղ ամեն ինչ նախապես համաձայնեցվում է և եթե պատվիրակներից մեկը հանդես գար ի պաշտպանություն Հայաստանի, նրա բարձրախոսն անմիջապես կանջատեին, մամուլում կհալածեին ու երկրից դուրս կանեին: Բաքվում Հայաստանի ու ԼՂՀ հարցում մեկ ճշմարտություն գոյություն ունի՝ «մենք կվերադաձնենք մեր հողերը»: Բոլոր նրանք, ով կիսում են այդ տեսակետը, բարեկամներ են, ով չի կիսում, իսկ դա համաշխարհային հանրության ճնշող մեծամասնություւնն է, թշնամիներ են:

Մենք դեռ էլի կհիշենք տիկին Գրիգորիուին, բայց ոչ թե ցասումով, այլ ուղղակի ըմբռնումով՝ կամ Բաքվում են քիչ վճարել, կամ Մոլդովայում են դիրքերը խարխլվել: Այդպես էլ նա կես տարին մեկ կհիշեցնի իր մասին, մինչև չհոգնի դրանից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net