Ըստ Թուրքիայի «Պետական շքանշանների ու մեդալների մասին» օրենքում կատարված փոփոխությունների, թուրքական շքանշաններից ու մեդալներից կհեռացնեն Աթաթուրքի պատկերը, գրում է Resmi gazette-ը: Մեդալների վրա այլևս չի լինի նաև Թուրքական Հանրապետության հապավումը՝ ԹՀ:
Էրդողանի կառավարությունը հետևողականորեն վարում է երկրում քեմալականության վերացման քաղաքականություն: Ամռանը շուրջ 200 բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներ հայտնվեցին ճաղերի ետևում իբր պետական հեղաշրջման փորձի համար («Մահակ» գործողություն): Սեպտեմբերի 30-ին երկրի ժողովրդավարացմանն ուղղված միջոցների հրապարակումից հետո, կանանց թույլատրվում է հիջաբներ կրել պետական հաստատություններում, ինչն արգելված էր Աթաթուրքի ժամանակ: Նախօրեին Էրդողանը կոչ է արել, որ հանրակացարաններն ուսանողների ու ուսանողուհիների համար առանձին լինեն: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որի հիմնադիրն Աթաթուրքն է, հայտարարում է, որ Էրդողանը փորձում է Թուրքիան դարձնել իսլամիստական պետություն:
2002 թվականից իշխանության ղեկը Արդարության ու զարգացման կուսակցության ձեռքում է, որը 2001 թվականի օգոստոսի 14-ին հիմնեցին Թուրքիայում արգելված իսլամիստական Առաքինության կուսակցության չափավոր պահպանողական թևի անդամները նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի մասնակցությամբ: Նա համարվում է «քաղաքական իսլամի» հիմնադիրն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ուսուցիչը: