6 նոյեմբերի 2013 - 18:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը

Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը: Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե պետք է հաշվի նստել Բաքվի դիրքորոշման հետ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության հարցում:

«Ղարաբաղի պատմությունը նոր չի ծագել, և չի առնչվում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը: Դրա համար կան այլ ձևաչափեր, կան մասնագետներ տարբեր երկրներից, որոնք զբաղվում են այդ հարցի կարգավորմամբ ու հանգուցալուծման ուղիների որոնմամբ»,- ասաց նա՝ նշելով, որ ինտեգրացիոն գործընթացներն այս դեպքում պետք է դիտարկել տնտեսական հարթությունում:

Վիկտոր Խրիստենկոն նշեց, որ երբեք տնտեսական զարգացումը չի վատթարացրել չկարգավորված իրավիճակներն ու հակամարտությունները, այլ, որպես կանոն, նպաստել է դրանց կարգավորմանը: «Ըստ իս, այսօրվա իրավիճակը Ղարաբաղի հարցում չի խոչընդոտում Հայաստանի մտադրություններին և չի բարդացնի, այլ, հավանաբար, կբարելավի ԼՂՀ շուրջ իրավիճակը»,- ասաց նա: Այնուամենայնիվ, Խրիստենկոն ոչ կոռեկտ համարեց մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը հարցի վերաբերյալ, քանի որ անձամբ այն չի լսել:

«Կարող եմ ասել, որ ՄՄ իրավունքի տեսակետից Միության անդամներից ու թեկնածուներից բացի այլոց կարծիքը չի պահանջվում: Անդամակցության փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրման, կստորագրեն 4 նախագահներ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի:

Խրիստենկոն նաև հայտարարեց, որ բազմաթիվ երկրներ են հետաքրքրվում ՄՄ ընդլայնման հեռանկարով, այդ թվում Հնդկաստանը, նրանց քանակը մոտենում է 36-ի՝ Վիետնամ, Նոր Զելանդիա, Շվեյցարիա և այլ երկրներ, բայց Թուրքիան այդ ցանկում չկա:

Իր հերթին Տիգրան Սարգսյանը ոչ կոռեկտ համարեց մեկնաբանել Բելառուսի և Նազարբաևի հայտարարությունները՝ ասելով, որ «դա լավ կլինի թողնել վերլուծաբաններին»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնումնոյեմբերին ՎիլնյուսումԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովումԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել էր Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա էին նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Նոյեմբերի 6-ին Երևանում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր» է ստորագրվել: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի կազմակերպման հիմնարար փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ