6 ապրիլի 2006 - 21:15 AMT
Ս.Սարգսյանը Պիտեր Սեմնեբիին ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ
Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը մասկացում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռենատե Հայկե Փայչը: Հանդիպման ժամանակ Պ.Սեմնեբիին հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Եվրամիություն-Հայաստան փոխհարաբերությունները կթեւակոխեն զարգացման նոր փուլ: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կողմերը կարեւորեցին ռազմական գործողությունների վերսկսման բացառումն ու բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը: Սերժ Սարգսյանը կրկին անգամ Պիտեր Սեմնեբիին ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնցով հայկական կողմն առաջնորդվելու է հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընթացքում: Կողմերը նաեւ մտքեր փոխանակեցին եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման շուրջ: