7 ապրիլի 2006 - 19:01 AMT
Բաքվի ռազմատենչ հայտարարությունները նյարդային վիճակ են ստեղծում նրանց մոտ, ովքեր զենք են կրում
Ես չէի ցանկանա մեկնաբանել Ռուսաստանի նախագահի հայտարարությունները եւ կապեր որոնել Կոսովոյի եւ Ղարաբաղի իրավիճակների միջեւ, սակայն սկզբունքային եմ համարում հետեւյալը` հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է լուծվել մի գլխավոր պայմանի կատարման դեպքում` այն է Ղարաբաղի ժողովրդին իր ապագան որոշելու իրավունքը տալու դեպքում»,-«Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում հայտարարաել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքերով, ժամանակի ձգձգումը շահավետ չէ կողմերից եւ ոչ մեկին: «Այլ բան է, որ այդպես են կարծում Ադրբեջանում, քանի որ այնտեղ համարում են, թե լուծումը կարող է ռազմական լինել: Մյուս կողմից, իրոք, Լեռնային Ղարաբաղում աճում է մարդկանց մի նոր սերունդ, որոնք չեն հիշում եւ չգիտեն այլ իրողություն, քան ներկա իրողությունն է, եւ դա դժվար է փոխել: Սակայն մենք ելնում ենք նրանից, որ լուծումը պետք է խաղաղ լինի եւ հիմնվի երկու կողմերի փոխզիջումների վրա»,-ասել է ՀՀ արտգործնախարարը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Բաքվից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին, նյարդայնություն են առաջացնում զինվորների, սպաների եւ բոլոր նրանց մոտ, ովքեր զենք են կրում: «Եվ այն սկսում է կրակել.. Ուշադրություն դարձրեք, որ հրադադարի մասին համաձայնագրի խախտումները կատարվում են ոչ թե Ադրբեջանի եւ Ղարաբաղի ուժերի շփման գծում, այլ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին: Այդպես Բաքուն ազդանշաններ է հղում միջազգային հանրությանը, թե խոսքը գնում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ինչը սուտ է, այլ ոչ բախման մասին Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»,-ընդգծել է Օսկանյանը: