12 նոյեմբերի 2013 - 15:18 AMT
ՌԴ ԱԳՆ. Իրանի հետ բանակցությունները ձախողել է ԱՄՆ պետքարտուղարը

Ռուսաստանի ԱԳՆ-ում համաձայն չեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարության հետ, որ «վեցնյակի» երկրների համաձայնության ֆոնի վրա Իրանը ձախողեց միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հրաժարվելով ընդունել Արևմուտքի ընդհանուր պայմանները: Այդ մասին հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին» իրազեկ աղբյուրը ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:

«Նման մեկնաբանությունը շատ պարզունակ է ու նույնիսկ խեղաթյուրում է Ժնևում կատարվածի էությունը»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, համատեղ փաստաթղթի նախագիծը, որ պատրաստել էին ամերիկացիները, ձեռնատու էր իրանական կողմին: Սակայն «ամփոփիչ պայմանավորվածության» հասնել չհաջողվեց, «քանի որ որոշումներն այդ ձևաչափով բանակցություններում ընդունվում են փոխհամաձայնության սկզբունքով», ասել է աղբյուրը: Նա նշել է, որ պայմանավորվել չի հաջողվել «ոչ իրանցիների մեղքով»:

Իրանի և «վեցնյակի» երկրների միջև բանակցությունների վերջին փուլի ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է միջուկային ծրագրի քննարկման դրական դինամիկայի մասին: Արդեն այն ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Իրանն ու Ամերիկան պատրաստ են զիջումների և կառուցողական երկխոսության, և ասել է, որ նոյեմբերի 20-ին համաձայնության ստորագրման շանսերը բարձր են:

Սակայն հաջորդ օրը նոյեմբերի 11-ին Ջոն Քերին Իրանին համարեց բանակցությունների առաջին փուլի անհաջող ավարտի մեղավորը: Այնուամենայնիվ, Ջոն Քերին հուսով է, որ շուտով կողմերին կհաջողվի փոխզիջման հասնել:

Իրանն ու «վեցնյակը» չկարողացան պայմանավորվածության հասնել Ժնևում նոյեմբերի 7-9 կայացած բանակցություններում: Եթե նոյեմբերի 20-ին հաջողվի այնուամենայնիվ համաձայնության հասնել, ապա Թեհրանը կկարողանա հասնել պատժամիջոցների մեղմացմանը, որի հետևանքով սառեցված են նրա բոլոր ակտիվներն արտերկրում և կասեցված է նավթի վաճառքը: Պատժամիջոցների մեղմացման գործում վճռորոշ կարող է լինել ԱՄՆ դերը, որն արդեն շուրջ 30 տարի է դիվանագիտական կապեր չունի Իրանի հետ:

Իսրայելը հենց սկզբից կտրուկ դեմ էր Իրանի հետ բանակցություններին՝ պնդելով, որ առաջինը կդառնա ատոմային ռմբակոծության զոհը Թեհրանի կողմից: Ըստ փորձագետների, մեկ տարուց Իրանը կարող է արդեն միջուկային ռումբ ունենալ: Իրանի նախագահ Ռոուհանին հայտարարել է, որ «երկրի ազգային շահերը, չեն ներառում միջուկային զենքի մշակում: Նա դրական է գնահատել ժնևյան բանակցությունները: