12 նոյեմբերի 2013 - 16:30 AMT
Ստուգել են Հայաստանի համապատասխանությունը ՄՄ-ին, խնդիրներ չեն հայտնաբերվել

Մաքսային միության անդամները պատրաստում են մակրոտնտեսական քաղաքականության համաձայնեցման վերաբերյալ պայմանագրի նոր տարբերակը, որը պարտավորեցնում է գործընկերներին պահել բյուջեի պակասուրդը, գնաճն ու պետպարտքը համաձայնեցված պարամետրերի շրջանակում:

Այդ մասին Մոսկվայում կայացած խորհրդաժողովում հայտնել է կոլեգիայի անդամ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների գծով նախարար Տատյանա Վալովայան:

Կլինի մասնակից երկրների մակրոտնտեսական ցուցանիշների գնահատման նոր մեթոդաբանություն, որն արդեն կիրառվել է Ղրղզստանում և Հայաստանում իրավիճակի վերլուծության համար:

«Երբ ստորագրվեց գործող համաձայնագիրը, քչերն էին ենթադրում, թե ինչ զարմանալի բաներ մենք կհայտնաբերենք,-նշել է:-Օրինակ, այնտեղ պահանջ կա, որ բյուջեի պակասուրդը չի կարող գերազանցել ՀՆԱ 3 տոկոսը: Սակայն, պարզվեց, որ ՄՄ երկրներում մեթոդաբանությունն այնքան է տարբերվում, որ Ղազախստանում պակասուրդի 3 տոկոսը Ռուսաստանի հավելուրդի 7 տոկոսն է կազմում: Վերջին երկու տարում մենք մեծ աշխատանք ենք կատարել ներդաշնակեցնելու համար մակրոտնտեսական ցուցանիշների գնահատման մեթոդաբանությունը, որը թույլ է տալիս համեմատել իրավիճակը տարբեր երկրներում և օբյեկտիվ արդյուքներ ստանալ: Ուստի պահանջվեց համաձայնության նոր տարբերակ»:

«Մենք նաև վերլուծել ենք Հայաստանի ու Ղրղզստանի իրավիճակը: Հայաստանի հետ ոչ մի խնդիր չկա, Ղրղզստանն ունի շեղումներ, բայց ոչ կրիտիկական»,-ասել է Վալովայան:-Այժմ հարկավոր է որոշել հնարավոր գործողությունները, եթե այս կամ այն պետությունը չհասնի եզրագծին: Մենք չենք խոսում ինչ-որ պատժամիջոցների մասին, հակառակը, խոսքն աջակցության ծրագրերի մասին է, որոնք մենք կարող ենք առաջարկել միասնական տնտեսական տարածության շրջանակներում», հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Մինչ այդ ՌԴ նախագահի տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գծով խորհրդական Սերգեյ Գլազևը, ելույթ ունենալով Բիշքեկում «Ղրղզստանն ու Միասնական տնտեսական տարածքը. Իրավիճակը և ինտեգրման հեռանկարները» թեմայով գործարար համաժողովին, հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են Մաքսային միությանը Ղրղզստանի ու Հայաստանի անդամակցության հարցերը: Ըստ նրա, գործընթացի տեխնիկական դետալները պետք է մշակվեն 2 ամսվա ընթացքում: «Մինչև տարեվերջ պատրաստ կլինի Մաքսային միության Ղրղզստանի անդամակցության ճանապարհային քարտեզը»,-ասել է նա՝ հավելելով, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ:

Գլազևը հույս է հայտնել, որ «մինչ ինտեգրման հաջորդ փուլի մեկնարկը՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը, Հայաստանն ու Ղրղզստանը արդեն ՄՄ կազմում կլինեն», հայտնում է «Նովայա պոլիտիկա» ինտերնետ հանդեսը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց «Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հայաստանի Հանրապետության միջև գործակցության խորացման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը