14 նոյեմբերի 2013 - 17:12 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարար. Վրաստանի նոր իշխանության տեսակետները համահունչ են Մոսկվայի մոտեցմանը

Վրաստանի նոր իշխանությունների հայացքները Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում համահունչ են Մոսկվայի մոտեցմանը Թբիլիսիի հետ երկխոսությանը, «ՌԻԱ Նովոստիին» է հայտարարել ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Ուշադիր հետևում ենք Վրաստանի նորընտիր նախագահի ու վարչապետի ելույթներին: Երկկողմ հարաբերությունների ապագայի մասին Վրաստանի նոր ղեկավարության մտորումներից շատերն ընկալելի են մեզ համար: Դա համապատասխանում է հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ մեր պատկերացումներին: Փոխգործակցության համար մեծ դաշտ ունենք»,- ասել է փոխնախարարը:

Նոյեմբերի 21-ին Պրահայում տեղի կունենա ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը:

«Կքննարկենք խնդիրները, որոնք այսօր կարելի է լուծել Վրաստանի նորընտիր նախագահի, նոր վարչապետի հետ: Կան առանձին ոլորտներ, որտեղ արդեն արդյունքի ենք հասել՝ առևտուր, հումանիտար շփումներ, մարդկային շփումներ, տրանսպորտ: Առաջ ենք շարժվելու առանց չափազանցված ակնկալիքների, համբերատար, հանգիստ, հաշվի առնելով և Ռուսաստանի, և Վրաստանի շահերը»,- ասել է Կարասինը:

Թբիլիսին խզել էր դիվանագիտական հարաբերությունները2008 թ. օգոստոսինՌուսաստանի հետ Մոսկվայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո: 2012 թ. հոկտեմբերի 1-ին, հաղթելով խորհրդարանական ընտրություններում, «Վրացական երազանք» կոալիցիան երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը համարեց ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Գեորգի Մարգվելաշվիլին՝ «Վրացական երազանքի» թեկնածուն: