15 նոյեմբերի 2013 - 17:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցով արտահերթը տապալվեց. Ի՞նչ է սպասվում

Ազգային ժողովում այսօր ընդդիմությունն ու քաղաքական «այլընտրանքը» (ԲՀԿ-ն) արտահերթ նիստ էին հրավիրվել պարտադիր կուտակային կենսաթոշակների ներդրումը մեկ տարով հետաձգելու հարցով, որի անցկացնամն համար ավելի վաղ 44 պատգամավորի ստորագրություն էր հավաքվել: Իշխող Հանրապետական կուսակցությունն ու «Օրինաց երկիրը» հաջողությամբ այն տապալեցին, չնայած դեռ երեկ ՀՀԿ-ն խոստացել էր քվորում ապահովելու համար ներկայանալ նիստին:

Արտահերթի նախաձեռնողը ՀՅԴ-ն էր, որին միացել էին «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

Ժամը 12:00-ի դրությամբ, երբ նիստը պետք է մեկնարկեր, խորհրդարանում գրանցվել էր 44 պատգամավոր ու նիստը չէր մեկնարկել:

Ըստ ԱԺ կանոնակարգի, երբ նիստն իրավազոր չէ, գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորում չապահովելու դեպքում օրվա նիստերը համարվում են տապալված:

Ինչպես ՀՀԿ-ի նիստին չներկայանալու ու, հետևաբար, այն տապալելու մասին որոշումը բացատրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իրենք «հասկացել են, որ ընդդիմադիրներն ուզում են օրենքը նորից «զրոյից» քննարկել».

«Մեր վերաբերմունքը դրական էր, եթե դա վերաբերում էր օրենքի կիրառման ժամկետներին: Բայց մենք հասկացանք, որ նրանք ուզում են օրենքը «զրոյից»՝ բովանդակային քննարկել: Այն դեպքում, որ օրենքը տասը տարի է՝ քննարկվել է և մեկ ամիս հետո արդեն պետք է գործարկվի, և մեզանից շատերը գտնում են, որ նման քննարկումների կարիք չկա»,- ասել է Սահակյանը՝ ընդգծելով, որ խմբակցությունը պատրաստ էր քննարկել օրենքը մեկ տարով հետաձգելու հարցը, գրում է Tert.am-ը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նիստը տապալելու իշխանության որոշումը լրագրողների հետ ճեպազրույցում հակասահմանադրական է որակել, քանի որ, ըստ պատգամավորի, ՀՀԿ-ն փաստարկ չունի՝ ինչու չի ներկայացել նիստին, իսկ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման մեջ նշված է, որ «քաղաքական բոյկոտ» հասկացություն չկա:

«Հակասահմանադրական գործողություն են անում»,- նշեց պատգամավորը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հանրապետականների պահվածքն անընդունելի է, քանի որ ԱԺ կանոնակարգը սահմանում է՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել արտահերթ նիստերին:

ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանը սպասվում էր նման ավարտի.

«Եթե այս օրենքի նախագիծն եկող տարի գնար, բյուջեն քանդվում էր, ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է նաև այս օրենքի վրա։ Այսինքն՝ եթե այս գումարը չեն կարողանում ստիպողաբար հավաքել, ապա բյուջեի ամբողջ քաղաքականությունը քանդվում է»,- նշեց Մանուկյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ՀՀԿ-ի` քննարկումներից խուսափելու մարտավարությունը սխալ է:

«Եթե հանրապետականները երկաթյա արգումենտներ ունեին, ինչպես իրենք են պնդում, ուրեմն իրենց իսկ շահերից էր բխում ներկայանալ նիստին: Փախուստը նիստից, ինչ անուն էլ դրան տան` անվանելով քաղաքական բոյկոտ, մեկ բանի մասին է խոսում, որ չունեն լրջագույն փաստարկներ»,- ասաց Զոհրաբյանը:

Մինչ պատգամավորները խորհրդարանում կարծիքներ էին հայտնում, շենքի պատերից դուրս «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» շարժման նախաձեռնությամբ հավաքվել էր հարյուրից ավելի քաղաքացի, ովքեր ևս բողոքում էին կուտակային կենսաթոշակի ներդրման դեմ: Քաղաքացիներից բացի բողոքին նաև ազատամարտիկներ էին մասնակցում:

Երբ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարեց, որ քվորում չի ապահովվել, նիստը նախաձեռնողները որոշեցին միանալ դրսում հավաքվածներին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նրանց տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը տապալել են նիստը, այնուհետև առաջարկեց երթով շարժվել դեպի կառավարություն: Քիչ անց Արմեն Ռուստամյանն առաջարկեց կանգ չառնել գործադիրի շենքի մոտ ու ՀՀԿ կենտրոնական գրասենյակ հասնել:

«Ոչ հակասահմանադրական օրենքներին», «ոչ կուտակային կենսաթոշակներին» ու այլ կոչերով բողոքողներն անցորդներին իրենց միանալու կոչ էին անում: Երբ հասան կառավարություն, մուտքի դիմաց արդեն ոստիկանները պատ էին կազմել: Վանկարկելով «ամոթ Հանրապետական կուսակցությանը, ամոթ «Օրինաց երկրին», «մենք ենք տերը մեր երկրի», շարժվեցին դեպի ՀՀԿ գրասենյակ: Նախ ցուցարարները պատրաստվում էին սպասել գրասենյակի դիմաց այնքան, մինչև ՀՀԿ պատգամավորները հետ կանգնեն օրինագիծը բոյկոտելու որոշումից ու մինչև ժամը 15:00-ն վերադառնան ԱԺ՝ քվորում ապահովելու:

Ավելի ուշ բողոքի ցույցի 2 մասնակից, որոնք 25 կետանոց պահանջաթուղթ էին կազմել, մտան գրասենյակ ու փաստաթուղթը հանձնեցին Թադևոսյան ազգանունով աշխատակցի, ով պատասխանատու է կազմակերպչական հարցերի համար, գրում է «Երկիր»-ը: Թադևոսյանն ընդունեց դիմումը, խոսեց բողոքողների հետ և ասաց, որ պահանջներն անպայման կքննարկվեն:

Ակտիվիստների խոսքին, որ կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչն ընդունելու դեպքում իրենք ի վիճակի չեն լինի պահել իրենց ընտանիքներ, զրուցակիցը հավաստիացրեց, որ շուտով հաճելի անակնկալներ են լինելու:

Հավաքվածները հետագա քայլերը կհամակարգեն ֆեյսբուքով. նրանց խոսքով՝ պայքարն այսքանով չի ավարտվում: Ցույցի ավարտին մասնակիցները նշեցին՝ վաղը Մաշտոցի պուրակում հանրային քննարկում կլինի, պատրաստվում են գնալ մինչև վերջ, եթե պետք է լինի՝ կդիմեն Սահմանադրական դատարան:

Ժամը 15:00-ի դրությամբ, երբ լրացավ հատկացված 3 ժամը, քվորում դարձյալ չապահովվեց՝ գրանցվեց 50 պատգամավոր ու նիստը համարվեց չկայացած:

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել 2014-ի հունվարի 1-ից: Նորամուծության շնորհիվ 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն: Նախատեսվում է, որ 2014-ին պարտադիր կուտակային համակարգին կանցնեն ՀՀ մոտ 250 հազար քաղաքացի:

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը: Գալիք հունվարի 1-ից կուտակային համակարգից կարող են օգտվել աշխատող քաղաքացիները, ինչպես նաև գյուղոլորտի աշխատակիցները: Կուտակային հաշվեհամարին փոխանցված աշխատավարձի ևս 5 տոկոսը (25 հազար դրամից ոչ ավելի), կփոխանցի պետությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ