22 նոյեմբերի 2013 - 16:15 AMT
Ազնավուր. Եթե հայերն ու հրեաները չսիրեին կյանքը, վաղուց կանհետանային

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը 89 տարեկանում երկրորդ անգամ է այցելում Իսրայել, մամուլի ասուլիս է տվել: Հարցերը հիմնականում վերաբերում էին Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին, թեև ինքը Ազնավուրը գերադասում էր խոսել արվեստից:

«Պարոն Ազնավուր, Դուք մշտապես ինչ-որ նոր բան եք փորձում: Արդյո՞ք դա նշանակում է, որ հակված եք արկածախնդրության»: -«Այո, բնածին ավանտյուրիստ եմ: Ամբողջ կյանքս մի մեծ արկածախնդրություն է: Մշտապես ինչ-որ բան եմ հորինում: Ամենահետաքրքիրն աշխարհի ծայրը գնալն է ու այնտեղի բնակիչների համար երգելը, կարևոր չէ, թե որտեղ՝ ակումբում, ռեստորանում, փողոցում… Բոլոր տպավորություններս հետո արտահայտվում են թղթի վրա և նոր երգ է ստացվում: Սիրում տարբեր արկածներ, իսկ քանի որ շատ եմ ճամփորդում, դրանք անխուսափելի են: Պետք է ռիսկի գնալ նոր հանդիսատեսին գրավելու համար»,- պատասխանել է Ազնավուրը:

Այն երկար սպասված հարցին, թե ինչ է կատարելու նոյեմբերի 23-ին Թել Ավիվի Nokia պալատում, Ազնավուրը կատակով պատասխանել է. «Ատում եմ երգացանկ ասվածը: Միշտ երգում են այն, ինչ ցանկանում եմ երգել այդ պահին: Ճիշտ է, վերջերս սկսել եմ երբեմն մոռանալ բառերը, ուստի մոտս նոթատետր եմ պահում երգերիս տեքստերով»:

Ավարտելով հանդիպումը՝ Ազնավուրը խոստովանել է. «Հաճախ են հարցնում՝ 89 տարեկանում ինչպես եմ դեռ երգում, մի՞թե հավերժական շարժիչ ունեմ ներսում: Միշտ պատասխանում եմ՝ կյանքն է հավերժական շարժիչը: Գիտեմ, որ մենք ծնվում ենք մեռնելու համար: Բայց մինչ այդ պետք է երկար ու փառավոր կյանք ապրել: Եթե մեր երկու ժողովուրդը՝ հայերն ու հրեաները, չսիրեին կյանքը, վաղուց կանհետանային երկրի երեսից»,- մամուլի ասուլիսից մեջբերում է culbyt.com-ը:

Photo: Alexandr Tsinker