11 ապրիլի 2006 - 18:11 AMT
ԵԽ-ն Ղարաբաղի հարցով բանակցություններում չի ձգտում դառնալ լիարժեք միջնորդ
ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնախմբի ղեկավար Լորդ Ռասսել Ջոնսթոնը հայտարարել է, որ հակամարտության տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման մասին մտածում է «մեծագույն անբավականությամբ»: Լորդ Ռասսել Ջոնսթոնը նշեց, որ «ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնախմբի ստեղծումը չի նշանակում, որ մենք ձգտում ենք լիարժեք միջնորդ դառնալ բանակցություններում»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է այդ հարցով արդեն 10 տարի եւ ես չեմ կարծում, որ Եվրոպայի Խորհուրդը կարող է փոխարինել նրան: Մեր նպատակն է ամեն կերպ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- նշել է ԵԽԽՎ հանձնախմբի ղեկավարը:
Լորդ Ռասսել Ջոնսթոնը չբացառեց ժամանակավոր հանձնախմբի` Հայաստան եւ Ադրբեջան այցի , ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հանդիպումների հնարավորությունը այս տարի: «Մենք նաեւ դիտարկում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպման կազմակերպման հնարավորությունը, սակայն կոնկրետ պայմանավորվածությունների մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Լորդ Ռասսել Ջոնսթոնը, հաղորդում է Մեդիամաքսը: