25 նոյեմբերի 2013 - 15:42 AMT
Մամեդով. Ադրբեջանն ասոցացման մասին համաձայնագիր չի ստորագրի

Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ դառնալ Եվրամիության ասոցացված անդամ: «Արդեն իրազեկել ենք նրանց, որ չենք կարող ընդունել ԵՄ հետ առաջարկվող ասոցացման համաձայնագիրը: Ցանկանում ենք մի փաստաթուղթ նախապատրաստել, որն ավելի համապատասխան կլինի Եվրամիության հետ մեր հարաբերությունների մակարդակին ու գործակցությանը»,- ասել է Մամեդովը:

Նա նաև հավելել է, որ Բաքուն առաջարկել է ԵՄ-ին, հաշվի առնելով գործակցության մակարդակը, ստորագրել գործընկերության մասին համաձայնագիր: «Այդպիսի համաձայնագիրը կարտացոլի երկկողմ գործակցության մակարդակն և կապահովի կողմերի փոխադարձ հարգանքն ու հավասարությունը»,- ասել է Մամեդովը: Ըստ նրա, ասոցացման համաձայնագիրն ինքնին արդեն պայմաններ է դնում, որոնք կատարելով միայն կարելի է դառնալ այդ կազմակերպության իսկական անդամ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Արևելյան գործընկերության գագաթանաժողովը տեղի կունեն նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, սակայն մինչ օրս պարզ չէ, թե ում հետ է ԵՄ-ն ասոցացման համաձայնագիր կնքելու: Բոլոր երկրները, բացառությամբ Մոլդովայի, հարցականի տակ են: Սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, իսկ Ուկրաինան հետաձգեց համաձայնագրի ստորագրումը: Վրաստանի հետ համաձայնագիրը նախատեսված է ստորագրել 2014-ին: