30 նոյեմբերի 2013 - 14:24 AMT
Բաքուն Ռուսաստանից «նեղանալու» նոր առիթ ունի. Հայերի մասին ադրբեջանական «գիրքը» կարող է ծայրահեղական ճանաչվել

Դեկտեմբերի 12-ին ՌԴ Կրասնոյարսկի կենտրոնական քաղաքային դատարանում տեղի կունենա Ադրբեջանում հրատարակված «Հայկական ահաբեկչություն» գրքի վերաբերյալ դատական նիստը, որտեղ գիրքը կարող է «ծայրահեղական նյութ» համարվել:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, ըստ քննչական նյութերի, հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի ԱԴԾ Կրասնոյարսկի երկրամասի վարչությունից դատախազությունը հաղորդագրություն է ստացել երկրամասի տարածքում «Հայկական ահաբեկչություն» գրքի տարածման մասին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ գիրքը տարածում են երկրամասում բնակվող ադրբեջանցիները: Ըստ եզրակացության, որը ստացվել է Կրասնոյարսկի Աստաֆևի անվան պետական մանկավարժական համալսարանի մասնագետներից անցկացված հոգեբանական և լեզվաբանական հետազոտությունից հետո, գրքի առանձին հատվածներ, նրա ներածականը, ֆոտոնյութերն ու մեկնաբանությունները չեն կարող անաչառ նյութեր համարվել: Դրանք ուղղված են ընթերցողի մոտ «հայկական ահաբեկչության» գոյության մասին կարծիքի ձևավորմանը: Գրքում ասվում է, որ հայազգի մարդկանց առանձին խմբեր ամբողջ աշխարհում «ֆիզիկական վնաս են հասցնում և ոչնչացնում են մարդկանց նրանց ազգային պատկանելության պատճառով, ինչպես նաև նպատակային աշխատանք են տանում սերմանելու համար ազգային ու կրոնական թշնամանք»:

Դատախազությունը, «ծայրահեղական գործունեության դեմ» դաշնային օրենքի վրա հղումով, ելնելով ՌԴ շահերից, այդ գիրքը ճանաչել է «ծայրահեղական նյութ» և համապատասխան որոշումն ուղարկել է դատարան: Դատախազությունը խնդրել է դատարանին «Հայկական ահաբեկչություն» գիրքը ճանաչել «ծայրահեղական նյութ» և որոշման պատճենն ուղարկել ՌԴ արդարադատության նախարարություն՝ ներառելու համար այդ հրատարակությունը ծայրահեղական նյութերի ցուցակում:

1992 թվականին Ադրբեջանում հրատարակված գրքի հեղինակներն են Ադրբեջանի այժմ հանգուցյալ նախկին դատախազ Իսմետ Ղաիբովն ու «Ազերինֆորմի» (ԱզերԹԱջ) գլխավոր տնօրեն Ազադ Շարիֆովը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն գնահատել են գիրքը ծայրահեղական ճանաչելու վերաբերյալ հնարավոր որոշումը որպես քայլ, որը բացասաբար կանդրադառնա Ադրբեջանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վրա: