9 դեկտեմբերի 2013 - 13:51 AMT
ՌԴ ԴՄԾ. Ռուսաստանում մոտ 3,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա

Այժմ Ռուսաստանի տարածքում շուրջ 3,5 միլիոն ապօրինի ներգաղթյալ կա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին Մարդու իրավունքների գծով ռուսաստանյան լիազորների համակարգող խորհրդի նիստում:

«ՌԴ տարածքում մոտ 8,5 մլն մարդ կա, որոնք օգտվում են առանց մուտքի արտոնագրերի ռեժիմից: Ապօրինի ներգաղթյալները հիմնականում ԱՊՀ-ից են, որոնք օրինական են մուտք գործել երկիր, սակայն խախտել են այստեղ մնալու ժամկետը: Ըստ մեր գնահատականների, Ռուսաստանի տարածքում 3,5-3,6 մլն ապօրինի ներգաղթյալ կա, որոնք ապօրինի են աշխատում երկրում»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ ամեն տարի համակարգն ինքնաբերաբար փակում է մուտքը մոտ 3 հազար ապօրինի ներգաղթյալների համար: Այսօրվա դրությամբ մուտքը փակ է 410 հազար օտարերակրացի քաղաքացիների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հուլիսին ԴՄԾ ղեկավարը խոսում էր երեք միլիոն ապօրինի ներգաղթյալների մասին:

Նոյեմբերին Ռուսաստանի կառավարությունը Պետդումային ներկայացնելու համար նախապատրաստել է ուղղումներ, որոնց համաձայն միգրանտների ադապտացիայի գործին կմասնակցեն նաև ոչ առևտրային կազմակերպությունները: Դա չի խանգարում կանոնների փոփոխմանը Ռուսաստան մուտք գործողների համար:

Պետական սահմանային հանձնաժողովը Դիմիտրի Ռոգոզինի ղեկավարությամբ նախաձեռնել է մի շարք ուղղումների մշակում, որոք կպարտավորեցնեն ՌԴ մուտք գործող միգրանտներին բժշկական ապահովագրություն ստանալ: Կփոխեն նաև երկրում կացության կանոնները՝ առանց մուտքի արտոնագրի ու աշխատանքի թույլտվությունը Ռուսաստանում 90 օրից ոչ ավելի կլինի «կես տարվա ժամկետի շրջանակում»:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքում հրապարակված տվյալների, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացի է միգրացիոն հաշվառման կանգնել ՌԴ տարածքային մարմիններում, 2 701 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն: 11 627-ը ստացել է ՌԴ-ում բնակվելու ժամանակավոր թույլտվություն, 9 673-ին տրվել է բնակվելու իրավունք: Հաշվետու շրջանում ՀՀ 31 000 քաղաքացի աշխատելու իրավունք է ստացել Ռուսաստանում, որից 47,30 տոկոսը շինարարության ոլորտում, 20,60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 13,70 տոկոսը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, 3,6 տոկոսը՝ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում:

Foto: fms.gov.ru