11 դեկտեմբերի 2013 - 10:40 AMT
Քերին խնդրում է Կոնգրեսին ձեռնպահ մնալ Իրանի դեմ պատժամիջոցներից

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դիմել է Կոնգրեսին Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ չսահմանելու խնդրանքով, քանի որ դա կարող է խափանել բանակցային գործընթացն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել մինչև տարվերջ նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Քերին նշել է, որ վստահ չէ, որ Թեհրանն իրոք պատրաստ է սանձել իր միջուկային հավակնությունները, սակայն Իրանի իշխանությունների մտադրությունները պարզելու համար ժամանակ է հարկավոր:

Եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ սահմանի, նույնիսկ եթե դրանք ուժի մեջ չմտնեն կես տարվա ընթացքում, բոլոր համաձայնությունները կձախողվեն, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա: