8 հունվարի 2003 - 22:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՉԴԱՐՁՆԵԼ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ
Հայաստանի 16 ընդդիմադիր կուսակցությունները դատապարտել են 2002 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի ղեկավար Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Այդ առնչությամբ այսօր հանդես գալով հայտարարությամբ` նրանք կոչ են արել երկրի իշխանություններին եւ նրանց հարող ուժերին չդարձնել այս ողբերգությունը քաղաքական շահարկումների առարկա: «Մեզ խիստ մտահոգում է, որ միտումնավոր կերպով ուղղորդվում է գործի հետաքննությունը` բացառվում են ոճրագործության այլ վարկածներ, այդ թվում ժողովրդի մեջ առավել շրջանառվող 1999 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում կատարված սպանությունների հետ կապված վարկածը»,- մասնավորապես ասվում է փաստաթղթում: Ընդդիմադիր կուսակցությունները կարծում են, որ ստեղծված մթնոլորտը անթույլատրելի է ու վտանգավոր հատկապես Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին: