Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի ներդրնումը հաստատելուց հետո էլ օրենքի դեմ բողոքողները շարունակում են պայքարը: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղնախաձեռնությունն այսօր դեպի Սահմանադրական դատարան երթ էր կազմակերպել, որի ավարտին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցության՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգության» ներկայացուցիչները պիտի կենսաթոշակային նոր օրենքի որոշ դրույթները վիճարկող հայց ներկայացնեին:
«Կատարում ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի կարողանանք կասեցնել Հայաստանում այս համակարգի ներդրում: Մեր քայլերը չեն սահմանափակվի, լավ ենք հասկանում, որ լուրջ պայքար է սպասվում: Պետք է բազմահազարանոց հավաքներով պարտադրենք ԱԺ–ին և ՍԴ-ին, որ ժողովրդի օգտին որոշումներ ընդունեն»,- Ազատության հրապարակում՝ դիմելով հավաքվածներին, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ նման օրենքներ կան և էլի կլինեն, իսկ միակ լուծումն արմատական փոփոխությունն է, գրում է «Սիվիլնեթ»-ը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ թեև ակնկալիքները մեծ չեն, բայց հույս ունեն, որ «գոնե մեկ անգամ Սահմանադրական դատարանն անաչառ որոշում կկայացնի»: Այնուհետև «Ոչ», «Ոչ պարտադիրին», «Հաղթանակ» կոչերով, «Պահանջում ենք», «Ոչ թալանին» պաստառներով և թմբուկներով երթի մասնակիցները շարժվեցին դեպի ՍԴ:
«Չենք արտագաղթելու ու պայքարելու ենք հակասահմանադարական օրենքների դեմ»,- ճանապարհին բարձրախոսով հայտարարել են ակտիվիստները։
«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարի» նախաձեռնության անդամներից Հայկ Գրիգորյանի խոսքով, արդեն հունվար-փետրվարից իշխանություններն առավել խորը կհասկանան, որ համակարգի դեմ իրենց պայքարը դեռ նոր է ծավալվում, գրում է Tert.am-ը:
«Մեր կարծիքի հետ հաշվի չնստելը կարող է շատ լուրջ սոցիալ-քաղաքական հետևանքների բերել ողջ երկրում, քանի որ այս շարժմանն աջակցում է հասարակության մի զգալի զանգված»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում «Դեմ եմ» շարժումը հզորացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ արհմիությունների ստեղծման և այլ քաղաքացիական նախաձեռնությունների հետ միավորման շուրջ:
Մասնակիցներից Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներից մեկին թեմայի շուրջ կատարած դիտարկումներն իրենք ՍԴ-ին ճնշելու փորձ են որակում։ «ՍԴ-ին կոչ ենք անում ծառայել ժողովրդին, պարտավոր եք պաշտպանել Սահմանադրությունը և որևէ անձ իրավունք չունի ձեզ ճնշելու և հակասահմանադրական որոշումներ կայացնելու։ Դատավորներին էլ խնդրում ենք չմոռանալ իրենց պարտականություններն ու իրենց երդումը»,- ասել է Գևորգ Սաֆարյանը։
Դեկտեմբերի 13-ին էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության նախագահը՝ պատասխանելով աշխատակիցների հարցերին, անդրադարձել էր նաև կենսաթոշակային բարեփոխումներին: Սերժ Սարգսյանը նշել էր, որ «շատ դրական» է գնահատում նոր համակարգը, և բոլոր նրանք, ովքեր համամիտ են, պիտի «ավելի ակտիվ լինեն»:
«Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում»,- նշել էր նախագահը:
Հասնելով ՍԴ, բողոքողներն ընթերցել են «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» նախաձեռնության հայտարարությունը՝ մեջբերելով օրենքի մանրամասներն ու «հակասահմանադրական և բացասական» կետերը։
Ակցիայի մասնակիցներին դիմավորած դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին էլ հանձնել են ԱԺ չորս խմբակցության դիմումն ու նախաձեռնության հայտարարությունը։ Հակոբյանը նշել է, որ դիմումին այսօր իսկ համապատասխան ընթացք կտրվի ու դատարանը կքննի այն։
Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու 4 ոչ իշխանական խմբակցության առաջարկությանը: Քաղաքացիներն այս ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոնց ընթացքում նամակ են հանձնել Օմբուդսմենին, ինչպես նաև Կառավարությանը:
Կենսաթոշակային համակարգի նոր օրենքի համաձայն, որն ուժի մեջ կմտնի 2014-ի հունվարի 1-ից, 1974-ից հետո ծնվածներն ամսական աշխատավարձի մի մասը կկուտակեն կենսաթոշակային ֆոնդերում: Այն քաղաքացիների կուտակումների չափը, ում աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը, կլինի աշխատավարձի 5 տոկոսի չափով: Իր հերթին Կառավարությունն ևս ամսական 5 տոկոսի չափով փոխանցում կկատարի: Այն քաղաքացիների հաշվին, ում աշխատավարձը գերազանցում է 500 հազարը, պետությունը կփոխանցի 25 հազար: Այդ գումարները տարիներ անց քաղաքացիները կստանան կենսաթոշակի տեսքով: