19 ապրիլի 2006 - 15:06 AMT
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում նոր փուլ է սկսվել
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում նոր փուլ է սկսվել: Աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրները ճանաչել են այդ փաստը եւ նույնիսկ ԱՄՆ-ն, փաստորեն, չի ժխտում Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատմաբան Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանը պետք է օգտագործի համաշխարհային հանրության դրական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ ավելի հստակ քաղաքականություն վարի Թուրքիայի հանդեպ: «Արդեն ժամանակն է խոսել փոխհատուցման մասին, քանի որ առանց դրա հանցագործության ճանաչման փաստը կորցնում է իմաստը: Հայաստանի համար փոխհատուցման հարցը ոչ միայն բարոյական եւ նյութական հարթության վրա է, դա նաեւ ազգային անվտանգության հարց է»,-ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ եթե հարեւան պետությունը չճանաչի մի ողջ ժողովրդի դեմ գործած հանցագործությունը, ապա հայ-թուրքական սահմանի բացումը, ինչպես եւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարող է ձգձգվել անորոշ ժամանակով:
Միեւնույն ժամանակ, խմբակցության առաջնորդը նշեց, որ արաբական աշխարհն ու Իրանը աջակցում են Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Իրանը, ճիշտ է այդ մասին չի հայտարարել պաշտոնական մակարդակով, սակայն այդ հարցում Հայաստանի կողքին է: Փաստորեն, աշխարհի երկրների մեծ մասը հանգեցին այն եզրակացության, որ Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը պետք է անպայման ճանաչել»,-ասել է նա: