19 ապրիլի 2006 - 18:28 AMT
Երեւանում սկսվել է Rescuer-2006 զորավարժությունների պլանավորման վերջին համաժողովը
Այսօր Երեւանում սկսվել է Rescuer-2006 զորավարժությունների պլանավորման վերջին համաժողովը: Համաժողովի ընթացքում ամերիկյան Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի օպերատիվ վարչության ղեկավար Դեւիդ Ուիլերը հայտարարել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը տարածաշրջանային նշանակություն ունի: Նրա խոսքերով, տարածաշրջանային նշանակության արտակարգ իրադրությունների դեպքում շատ կարեւոր է համատեղ աշխատանքի փորձը: Ընդ որում, նա նշեց Կանզասի Ազգային գվարդիայի եւ Հայաստանի համագործակցության բարձր մակարդակը: Նա բարձր է գնահատել հայկական կողմի Rescuer-2006 զորավարժությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքը:
Զորավարժությունները, որ անկացվելու են ՆԱՏՕ-ի «Դաշնակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, կկայանան հուլիսի 12-28-ը: Դրանց կմասնակցեն շուրջ 250 ներկայացուցիչներ 12 երկրներից: Rescuer-2006 զորավարժությունները խմբակային-շտաբային բնույթ են կրում եւ ուղղված են Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության եւ ՀՀ փրկարար ծառայության համագործակցությանն ու համատեղմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցության հնարավոր ընդլայնմանը: