19 ապրիլի 2006 - 20:02 AMT
Ս. Սարգսյանը կասկածում է, որ ինչ- որ տեղ լրջորեն զբաղվում են Ղարաբաղի խաղաղապահ գործողության պատրաստումով
«Անկեղծ ասած, կասկածում եմ, որ ինչ- որ տեղ լրջորեն զբաղվում են Ղարաբաղի խաղաղապահ գործողության պատրաստումով: Չէ՞ որ, դրա համեր պետք են կողմերի համաձայնությունը կամ գոնե համաձայնության կողմնորոշիչները»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Կռասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով ռուսական մամուլի այն տեղեկությունները, որ Բրյուսելում ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղպահ գործողություն է մշակվում Լեռնային Ղարաբաղի համար: Նրա խոսքերով, այդ մասին կարելի կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ կողմերը համաձայնության կգան, եւ իհարկե դրանից հետո, երեւի թե, խաղաղապահների կարիք կզգացվի:«Ցավոք, մեր եւ Ադրբեջանի միջեւ չկա այդպիսի համձայնագիր: Հետեւաբար, խաղաղապահների մասին խոսելը վաղ է»,- նշել է նա:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող այսօրվա իրադրության մասին` Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտարարեց. «Անհրաժեշտ է նշել, որ Ադրբեջանում ղարաբաղյան հարցը բարձրացնում են` անընդմեջ այդպիսով փորձելով կարգավորել այլ ներքաղաքական խնդիրներ: Դուք, հավանաբար, գիտեք, որ թե Ադրբեջանի նախագահը, թե պաշտպանության նախարարը բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ եթե Հայաստանը չհամաձայնվի իրենց պայմաններին, նրանք ստիպված կլինեն հարցը կարգավորել ռազմական ճանապարհով: Ավելին, այնտեղ երկու անգամ բարձրացրել են ռազմական բյուջեն, իսկ վերջերս Ադրբեջանը հայտարարեց, որ այն կհասցնի մեկ միլիարդ դոլարի: Սակայն խոստովանեմ, այստեղ շանտաժի հոտ է գալիս»:
«Պետք է ասեմ, որ մենք պատերազմից չենք վախենում, սակայն եւ չենք ցանկանում այն: 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարի վերաբերյալ համաձայնագիր կնքվեց : Այսօր մեր զորքերը շահավետ պաշտպանական դիրքերում ենք գտնվում, եւ 12 տարիների ընթացքում լավ ամրացրել ենք դրանք` ինժեներական տեսանկյունից: Միլիարդավոր դոլարները այս դեպքում չեն փրկի: Չէ՞ որ, եթե ռազմական մեծ բյուջեներով հնարավոր լինել ապահովել բանակի զինպատրաստությունն ու անվտանգությունը, ապա, կարծում եմ, որ բոլոր նավթային տերությունները կունենային ամենա մարտունակ բանակները: Սակայն դա այդպես չէ»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: