19 ապրիլի 2006 - 20:37 AMT
Ցանկացած անավարտ հակամարտություն Կովկասում կարող է պայթուցիչի դեր կատարել, հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը
«Երբ խոսում են Արեւմուտքի ցանկությունների մասին, ես կարծում եմ, ավելի լավ կլինի հարցնել հենց նրանց: Չէ որ դժվար է մինչեւ վերջ իմանալ ուրիշի մտքին ինչ կա»,-հայտարարել է Հայաստանի ՊՆ ղեկավար Սերժ Սարգսյանը «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե կարելի է Հայաստանի համագործակցությունը արեւմտայն երկրների հետ որակել որպես այդ երկրների Անդրկովկասում գերիշխելու ցանկություն: «Մենք բացարձակապես ոչ մի ճնշում չեն զգում եւ չենք թաքցնում մեր արեւմտյան գործընկերներից Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Բազմիցս անգամ մենք բարձրաձայնել ենք, որ ռուսական ռազմակայանի առկայությունը ՀՀ-ում եւ մի շարք ռազմավարական պայմանագրերը Ռուսաստանի հետ առաջին հերթին Հայաստանի ցանկությունն է»,-նշել է նա:
«Այլ բան, որ մենք ցանկանում ենք համագործակցել նաեւ այլ երկրների եւ ՆԱՏՕ-ի հետ: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել մինչեւ 2015 թվականը ունենալ այնպիսի զինված ուժեր, որոնք կհամապատասխանեն համաշխարհային չափանիշներին: Ես դա ընդգծում եմ, քանի որ որոշ ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար հաղորդագրություններ են հայտնվում այն մասին, թե Հայաստանում խնդիր է դրված մինչեւ 2015 թվականը ունենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող բանակ, ինչն իրականում այդպես չէ»,-հավելել է Ս.Սարգսյանը:
Ինչ վերաբերում է հակամարտությունների սրմանը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, ապա, նշել է ՀՀ ՊՆ ղեկավարը, ցավոք, ցանկացած անավարտ հակամարտություն Կովկասում կարող է պայթուցիչի դեր կատարել: Հարավային Կովկասը շատ փոքր է, եւ այստեղի բոլոր երկրները կախում ունեն միմյանցից: «Այնպես որ մարտական գործողությունների վերսկսումը կարող է շատ բացասական հետեւանքներ ունենալ, այդ թվում եւ մեզ համար: Եթե խոսում ենք Վրաստանում հնարավոր անկայունության մասին, ապա դա բոլորովին ձեռք չի տալիս Հայաստանին: Չէ որ Վրաստանը միակ երկիրն է, որ կապում է մեզ արտաքին աշխարհի հետ: Մյուս կողմից, մարտական գործողությունների վերսկսումը որոշակի գայթակղություն կլինի մյուս երկրների համար` հակամարտության մեջ ներքաշվելու առումով»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: