8 հունվարի 2014 - 12:13 AMT
Լավրովն ու Քերին կհանդիպեն Փարիզում հունվարի 13-ին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, ինչպես ակնկալվում էր, տեղի կկայանա 13-ին Փարիզում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում աղբյուրին հղումով:

Մինչ այդ Ռուսաստանի և ԱՄՆ ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարել էին ՄԱԿ-ում: Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը հայտնել էր, որ Լավրովն ու Քերին կքննարկեն Իրանի հնարավոր մասնակցությունը «Ժնև-2» խորհրդաժողովին:

Իրանի մասնակցության մասին որոշումը դեռ չի կայացվել: Մինչդեռ, երկրի իշխանությունները նախկինի պես վճռական են տրամադրված մասնակցելու Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովին, սակայն հրաժարվում են որևէ նախնական պայման ընդունել, հայտնում է Fars-ը, երկրի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը հղումով:

«Իրանը կգործակցի Սիրիայում ցանկացած քաղաքական կարգավորման հասնելու համար, սակայն առանց նախապայմանների»,- հայտարարել էր Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Իրանը կարող է կարևոր դերակատարություն ունենալ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործում, սակայն միայն որպես Ժնևի խորհրդաժողովի ոչ պաշտոնական մասնակից: Քերին դա բացատրել էր նրանով, որ Իրանը չընդունեց 2012 թվականի «Ժնև-1» խորհրդաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Խորհրդաժողովին Իրանի մասնակցության հնարավոր պայմաններից կարող է դառնալ պաշտոնական Դամասկոսին ռմբակոծությունները դադարեցնելու և հումանիտար միջանցք բացելու կոչովդիմումը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը նախատեսվում է գումարել հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում: