11 հունվարի 2014 - 12:14 AMT
Դամասկոսի հյուսիսային արվարձանում բարձրացվել է Սիրիայի ազգային դրոշը

Դամասկոսի հյուսիսային արվարձանում՝ Բերզիում, բարձրացվել է Սիրիայի ազգային դրոշը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնել է Al Ahbar թերթը, ընդդիմադիր կազմավորումները դադարեցրել են այնտեղ մարտական գործողությունները կառավարական զորքերի դեմ: Հրադադարի մասին համաձայնության պայմաններով նրանք այժմ կմիանան Ազգային պաշտպանության ուժերին, որոնք գտնվում են Սիրիայի ԶՈւ հրամանատարության տակ:

Նախկին ապստամբներն այսպես կոչված Սիրիայի ազատ բանակից մինչ այդ չեզոքացրել էին Բերզիում գտնվող ահաբեկիչներին ու զորքերին հանձնել իրենց ծանր զինամթերքի արսենալը:

Դամասկոսի նահանգապետ Բաշար Սաբբանն այս շաբաթ այցելել է քաղաքի այդ արվարձանը: Գործարքի արդյունքում բնակչությունը սկսել է սնունդ և բուժօգնություն ստանալ: Անցած տարվա վերջում նման համաձայնության հաջողվեց հասնել Կուդսայա և Մուադամիա արվարձաններում, ինչպես նաև պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարում: Ըստ Al Ahbar-ի, բանակցությունները դաշտային հրամանատարների հետ անց են կացվում ընդդիմադիր Ժողովրդական ճակատի անմիջական մասնակցությամբ ազատագրված Զաբադանի և Մադայա քաղաքներում, որոնք գտնվում են Դամասկոսից դեպի արևմուտք: Ավելի բարդ է գործը Դարաայի հարավ-արևմտյան արվարձանում, որտեղ զորքերին դիմակայում է մոտ 3 հազար ապստամբ տարբեր խմբակցություններից, սակայն այնտեղ ևս, ըստ թերթի, հրադադարի հասնելու փորձեր են արվում:

Մինչդեռ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումն ուրբաթ օրը կրկին իր հսկողությունն է հաստատել Ռաքքա գավառի կենտրոնում՝ դուրս մղելով այնտեղից ջիհադիստներին: Հալեպի արվարձաններում «զինակից ընկերներից» կրած մի քանի պարտություններից հետո այդ կազմակերպության գրոհայինները հակահարձակման են անցել և կրկին գրավել են Բայանուն, Հարեյթան ու Էլ Բաբ քաղաքները: Հարևան Իդլիբ գավառում մարտերը թշնամաբար տրամադրված մոջահեդների միջև ընթանում են Սարակիբում ու Ջեբել էզ Զավիայում: Արյունահեղության զոհ է դարձել շուրջ 85 տեղաբնակ խաղաղ բնակիչ: Գրոհայինները զգալի կորուստներ են կրել: Մարտերի յոթ օրերին զոհվել է կազմակերպության 157 վարձկան, իսկ «Իսլամական ճակատի» բրիգադներն ու նրանց դաշնակիցները 240 զոհ են տվել:

Կառավարական բանակն օգտվել է հակառակորդների շարքերում բախումներից և հարվածներ է հասցրել նրանց հենակետերին Սալմա, Հան էզ Ջոուզ, Նավարա և Կալաս բնակավայրերում Լաթակիայի հյուսիսում: Հաղորդագրություններ են ստացվում զորքերի առաջխաղացման մասին Իրաքին սահմանակից Դեյր էզ Զոր գավառում, որտեղ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» բացել է ռազմաճակատը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: .