21 ապրիլի 2006 - 17:29 AMT
Արգենտինայի Սենատը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 19-ին Արգենտինյան Հանրապետության Ազգային սենատը հատուկ հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 91-ամյակի առիթով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Հայտարարության մեջ Ազգային սենատը խիստ քննադատում է հայ ժողովրդի նկատմամբ գործած ոճիրը եւ իր զորակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության զոհերին եւ նրանց հարազատներին, որոնք կրել են եւ կրում են այս ցավալի դեպքերի հետեւանքները:
Հատուկ հայտարարությամբ նաեւ ափսոսանք է հայտնվում այն հետեւողական մերժողականության առնչությամբ, որը խոչընդոտում է հիշողության պահպանմանը, ծնելով անպատժելիություն, ինչը հիմք է հանդիսանում հանցագործությունների կրկնության համար: Հայտարարության մեջ կոչ է արվում վերագնահատել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների գործունեությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: