16 հունվարի 2014 - 17:05 AMT
Մարդավայել ապրելու համար վճարել է պետք` դեկտեմբերի գազի վարձն «էկելա»

75-ամյա Արամայիս Մարտիրոսյանը հունվարի 15-ին վերջին գումարով վճարել է կոմունալ ծախսերի ընդհանուր վճարներն ու դեռ 5000 դրամ պարտք է մնացել «ՀայՌուսգազարդ»-ին:

«Այ բալա, թոշակս 5000 դրամով բարձրացրել էին, ուրախացել էի, էն էլ ուրախությունս կարճ տևեց, գազի ու լույսի գինն ավելի շատ էին բարձրացրել: Անցած ձմեռ գազի համար ամենաշատը 20 հազար [դրամ] էինք մուծում, էս տարի էն ա դեկտեմբերի վարձն արդեն 27 հազար [դրամ] ա: Ոնց ենք անելու` չգիտեմ»,- նեղսրտում է նա:

Մարտիրոսյանն, ով ապրում է Երևանի էրեբունի համայնքում 66-ամյա կնոջ` Անահիտ Հարությունյանի հետ, վախենում է գազը խնայել, քանի որ երկու տարի առաջ սրտի կաթված է ստացել, առողջական այլ խնդիրներ էլ ունի, որոնք կարող են սրվել ցրտից:

«Մենք, իհարկե, կմուծենք գազի վարձը, դա խնդիր չէ, տղաս Ռուսաստանում է բնակվում, խոստացել է գումար ուղարկել,- ասում է Մարտիրոսյանի կինը: - Խնդիրն այն է, թե որքան է այս ամենը շարունակվելու ու ինչու պետությունը թոշակառուներին, օրինակ, ընդառաջ չի գնում նման դեպքերում ու ինչ-որ ձևով չի օգնում, ասենք, զեղջեր անելով»:

2013-ի դեկտեմբերին սպառված գազի և էլեկտրականության վարձավճարների մասին քննարկումներն այս շաբաթ ողողել էին սոցիալական հարթակների հայկաբնակ հատվածները:

«93 հազար դրամ 65 քմ-ի համար», «70 հազար դրամ 82 քմ-ի համար», «42 հազար դրամ 100 քմ-ի համար» իրենց վարձավճարներն էին «կռվացնում» 2013-ի հուլիսից գազի մեկ խորանարդ մետրի համար 132 դրամի փոխարեն 156 դրամ վճարող հայաստանցիները:

Թանկացման հետևանքով` Հայաստանի բնակիչներն այս ձմռանը, որն ավելի ցրտաշունչ է, քան անցյալ տարվանը, միջինը 30-50 տոկոսով ավելի շատ գումար պետք է վճարեն գազի դիմաց, այն դեպքում, երբ կենսաթոշակները բարձրացել են միջինը 20 տոկոսով, իսկ միջին աշխատավարձը` անցած մեկ տարվա ընթացքում` 6 տոկոսով:

Սպառողների համար գազը թանկացել էր 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրել էր Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց:

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Արթուր Մկրտչյանի ընտանիքը 80 քմ տարածքով 3 սենյականոց բնակարանը տաքացնելու համար հունվարին վճարել է 70 հազար դրամ, մինչդեռ անցած ձմռանը առավելագույնը վճարում էին 45 հազար:

«Մուծել ենք, ինչ կարող ենք անել, - ասում է Արթուրի կինը` Գայանեն, - գազի կալորիականությունն էլ` զգում ենք, էն չի, չի տաքացնում նորմալ: Ու ասենք, եթե աշխատավարձը 150 հազար դրամ է` լույս, գազ, հեռախոս, ջուր, տակը էլ բան չի մնում նորմալ` մարդուն վայել ապրելու համար»: