21 ապրիլի 2006 - 19:32 AMT
Բաքվում խոսում են Ադրբեջանի` պատերազմ սկսելու վերաբերյալ ինֆորմացիայի չհիմնավորված լինելու մասին
«Վերջին օրերս Ադրբեջանի կողմից ավելի հստակ ու ավելի հաճախ են հնչում օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու կոչերը: Պտահականությու՞ն: Ավելի շուտ, ոչ: Միջազգային կառույցների ներկայացուցիչների, եւ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքով, հենց 2006 թվականը կարող է առավել բարենպաստ դառնալ խաղաղ կարգավորման համար: Գոյություն ունի մի հայտնի արտահայտություն. «Բազմաթիվ անգամներ հնչած սուտը օրերից մի օր ճշտի է վերածվում»: Երեւի, թուրքական hurhaber.com կայքը որոշել է իրականացնել այս արտահայտությունը»,- գրում է Բաքվի «Զերկալո» թերթը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Իլգար Վերդիեւի խոսքերի համաձայն, այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, եւ խաղաղ բանակցությունները շարունակվում են:

Ինչ վերեբերում է Ադրբեջանի ԱԳն դիրքորոշմանը, ապա Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության բաժնի վարիչ Թահիր Թաղիզադեն նշեց, որ «ընդհանրապես անհրաժեշտ չի համարում մեկնաբանել թուրքական կայքի ամեն մի անհեթեթություն»: «Ադրբեջանը ելնում է հետեւյալ սկզբունքներից. մեր երկիրը շարունակում է խաղաղ կարգավորման կողմնակիցը մնալ»,- ասել է Թաղիզադեն:

Իր հերթին, անկախ քաղաքագետ, «Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումի ղեկավար Էլդար Նամազովը նշեց, որ այս տեղեկատվությունը կամ հերթական հիմարություն է, կամ լուրջ պրովոկացիա է: Քաղաքագետի խոսքերով, պարադոքսային իրավիճակ է ստեղծվում. ներկա դրությունում պատերազմի վերսկսումը կարող է ձեռնտու լինել Հայաստանին, բայց, չգիտես ինչու, ռազմատենչ հայտարարություններով հանդես է գալիս Ադրբեջանը: Նա նաեւ նշեց, որ ԱՄՆ-ը ընդհանրապես հետաքրքրված չեն պատերազմի վերսկսման մեջ: Նա դա հիմնավորել է նրանով, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործումը կանցնի հետին պլան:

Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի խոսքերով, կայքը, որի մասին խոսք է գնում, այնքան էլ հայտնի չէ, եւ դրա կողմից տրված տեղեկատվությունը մեկնաբանությունների կարիք չունի: «Ես գտնում եմ, որ տվյալ ինֆորմացիան ամբողջությամբ դեզինֆորմացիա է հանդիսանում եւ չունի որեւէ հիմքեր»,- ասել է Ռ. Մուսաբեկովը:

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական «Մեդիա-ֆորում» ինտերնետայնի թերթտ հաղորդել էր, որ 1-2 օրերի ընթացքում Ադրբեջանը պատերազմ է սկսելու Ղարաբաղի ազատագրման համար: Թերթը հղում էր կատարել թուրքական huraber.com կայքին, որը հայտնել էր, որ ինֆորմացիան ստացել է դիվանագիտական աղբյուրներից: