Թուրքիան մտադիր չէ ուրանհարստացնել, հայտարարել է էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: «Այդպիսի նպատակ չունենք և պարզ չէ, թե հանկարած ինչու նման տեղեկատվություն հայտնվեց»,- ասել է Յիլդիզը:
Ըստ նրա, Թուրքիայի բոլոր համաձայնություններն ատոմային էներգիայի վերաբերյալ կնքվել են ՄԱԳԱՏԷ-ի շրջանակում: Նա հիշեցրել է, որ Թուրքիան խաղաղ ատոմի մասին Հարավային Կորեայի, Կանադայի, Արգենտինայի Ռուսաստանի, ԱՄՆ ու Ֆրանսիայի միջև համաձայնագիր է ստորագրել: «Թուրքիան համաձայնագրին նաև ուրանի հարստացման մասին հոդված է հավելել, ինչպես դա արել է Իրանը»,- նշել է նախարարը, գրում է Today’s Zaman-ը:
Թաներ Յիլդիզն այս հայտարարությունն արել է դեսպանների ամենամյա հանդիպմանն և հիշեցրել համաձայնության մասին, որը ձեռք է բերվել Իրանի ու «վեցնյակի» միջև Ժնևում:
Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:
Յիլդիզը նաև նշել է, որ Թուրքիան ողջունում է Իրանի ու արևմտյան երկրների միջև համաձայնության ձեռքբերումն և վստահություն է հայտնել, որ Իրանը կկասեցնի միջուկային ծրագիրը:
ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներն ու Գերմանիան Իրանի հետ համաձայնեցրել են վերջինիս միջուկային ծրագրի կասեցման մասին միջանկյալ համաձայնագրի վերջին մանրամասները, այն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Փոխարենը Թեհրանի դեմ գործով պատժամիջոցների մի մասը կհանվի: Արդեն փետրվարի առաջին օրերին Իրանը 550 մլն դոլար կազմող առաջին փոխանցումը կստանա: