Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ, հավանաբար, կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու երկրում ընթացիկ տարում, հայտնել է երկուշաբթի օրը «ՌԻԱ Նովոստին» «Ֆրանս Պրես» գործակալության վրա հղումով:
«Ես գտնում եմ, որ ոչինչ չի կարող խանգարել ինձ առաջադրել իմ թեկնածությունը…և եթե հանրային կարծիքը հօգուտ ինձ լինի, ես ոչ մի պահ չեմ տատանվի: Կարելի է ասել, որ իմ մասնակցությունն ընտրություններին ավելի քան հավանական է»,-հայտարարել է Ասադը Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողովի նախօրեին, որը կայանալու է հունվարի 22-ին:
Ակնկալվում է, որ խորհրդաժողովի հիմնական հարցերից մեկը կլինի Սիրիայի անցումային կառավարության ձևավորումն ընդդիմության մասնակցությամբ, այդ թվում արտերկրում բնակվող անդամների:
Ինքը Ասադն անվանել է արտաքին ընդդիմության ներգրավումն անցումային վարչակազմում որպես «կատակ»:
«Նրանք…կհատեն սահմանը 30-րոպեանոց ֆոտոսեսիայի մասին, իսկ հետո կփախչեն: Ինչպե՞ս նրանք կարող են նախարարներ դառնալ: Այդ առաջարկները միանգամայն անիրական են, բայց կարող են դիտարկվել որպես կատակ»,-ասել է Սիրիայի նախագահը:
Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների առաջարկած հումանիտար խնդիրների լուծումը Հալեպում չի նախատեսում խաղաղապահների գործուղում:
«Այն առաջարկներն, որոնք քննարկվում են Հալեպի հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով, չեն նախատեսում խաղաղապահ ստորաբաժանումների գործուղում Սիրիայի այդ շրջան: Ոչ սիրիական կողմը, ոչ մեր ամերիկյան գործընկերները, ոչ այլ մեկը նման առաջարկներով հանդես չի եկել, ես այդ մասին առաջին անգամ եմ լսում»,-ասել է նախարարը:
Ըստ նրա, քիչ չեն ցանկացողները, որպեսզի «Սիրիայում գործարկվեն միջազգային ռազմական կառույցներ՝ խաղաղապահներ, զորակազմեր»:
Սիրիայում արդեն 2տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով գործող պետության ստեղծումը: