22 ապրիլի 2006 - 16:17 AMT
Հարվարդի փորձագետ. 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են բոլոր չափանիշներով
Առաջատար քաղաքական գործիչներ եւ տարբեր կազմակերպություններ միանում են հայերի պայքարին` ԱՄՆ ուսումնական հաստատություններում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման համար, գրում է ամերիկյան «Բոսթոն գլոբը»: Ինչպես նշվում է «Հայերը դաշնակիցներ են ձեռք բերում Ցեղասպանության դասավանդման հարցում» հոդվածում, տվյալ պահին Բոսթոնի դաշնային դատարանը քննարկում է Մասաչուսեթս նահանգի դպրոցներից մեկի մի աշակերտի եւ ուսուցչի, ինչպես նաեւ ԱՄՆ Թուրքական ասոցիացիայի հայցը, որոնք պահանջում են որ պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին պատմող հատվածում ներկայացված լինի նաեւ թուրքական տեսակետը: Նախօրեին Բոսթոնի քաղաքապետարանի առջեւ հայկական կազմակերպությունները բողոքի ցույց էին կազմակերպել, որին միացան նաեւ տեղի հրեական եւ իռլանդական համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաեւ նահանգի գլխավոր դատախազը եւ փոխնահանգապետը, որոնք մտադիր են առաջադրվել Մասաչուսեթս նահանգի նահանգապետի պաշտոնի համար:

Իր հերթին «Բոսթոն հերալդ» թերթը մեջբերում է Հարվարդի համալսարանի ցեղասպանությունների հետազոտության գծով փորձագետ Հելեն Ֆեյնի խոսքերը, որը հայտարարել է. «Դա ցեղասպանություն էր ցեղասպանության բոլոր չափանիշներով: Նույնիսկ վիրավորական եւ ծիծաղելի է վիճելը այս փաստը ժխտողների հետ»: Ըստ հրապարակման, Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Բրայան Արդունին հայտարարել է, որ «հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպնության ուրացման քաղաքականությունը, գնալով ավելի է կարեւորվում, որպեսզի ԱՄՆ-ն եւ մյուս երկրները հիշեն 1915 թվականի իրադարձությունների մասին, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն», հաղորդում է ԱՀՀ-ն: