Գնալով աճում է այն դեմոկրատ սենատորների թիվը, որոնք զգուշավոր անհամաձայնություն են հայտնում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի վերաբերյալ, որը նախատեսվում է կյանքի կոչել եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքում վերջնական համաձայնություն ձեռք չբերվի: Առայժմ այդ օրինագծին կողմ են Կոնգրեսի երկու պալատների անդամները, սակայն նրա ընդունումը Սենատում գնալով քիչ հավանական է դառնում Օբամայի վարչակազմի ակտիվ լոբբինգի պայմաններում, որը դեմ է նոր պատժամիջոցներին, քանի դեռ չեն ավարտվել բանակցությունները, գրում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:
Սենատորներ Փեթի Մյուրեյն ու Էլիզաբեթ Ուորրենը միացել են դեմոկրատներին, որոնք դեմ են օրինագծին: Վաշինգտոն նահանգի իր ընտրողներին հասցեագրված նամակում Մյուրեյը նշում է, որ «վարչակազմին հարկավոր է ժամանակ տալ, որ բանակցություններն ավարտվեն և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնություն կնքվի, որի կատարումը հնարավոր կլինի վերահսկել»: Միևնույն ժամանակ, նա խոստացել է, որ եթե բանակցությունները ցանկալի արդյունք չտան, «պատժամիջոցներն անհապաղ կընդունվեն»:
Նոր պատժամիջոցների մասին օրինագծին հավանություն է տվել 16 դեմոկրատ սենատոր, գրեթե բոլոր հանրապետականներն ու լոբբիստների ազդեցիկ խմբերը, որոնք պաշտպանում են Իսրայելի շահերը: Սակայն Սենատի կոմիտեների 11 նախագահները, այդ թվում Մյուրեյը, դեմ են օրինագծին: Դեմոկրատներից ոմանք, որոնք ստորագրել էին օրինագիծը նախորդ տարի, վերջին շաբաթներին ավելի վճռական են հանդես գալիս այդ հարցում: Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը դեռ չի հայտարարել օրինագծի օգտին քվեարկելու մտադրության մասին, սակայն չի բացառում նման հնարավորությունը:
Իր հերթին Իրանը հայտարարում է, որ նոր պատժամիջոցները կխախտեն անցած տարի կնքված ժամանակավոր համաձայնության դրույթները և վերջ կտան բանակցություններին:
Սպիտակ տունը խոստացել է, որ վետո կդնի պատժամիջոցների մասին ցանկացած օրինագծի վրա, որը կընդունվի Կոնգրեսում մինչ բանակցությունների ավարտը: Ըստ հասարակական կարծիքի հարցումների, ամերիկացիները զգուշավոր են վերաբերվում Իրանի միջուկային նկրտումներին, թեև նոր պատերազմ էլ չեն ուզում: Սակայն եթե Իրանի հետ բանակցություններն անարդյունք լինեն, նոր պատժամիջոցները կարժանանան երկու կուսակցությունները ներկայացնող օրենսդիրների մեծ մասի հավանությանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին: Ըստ նրա, պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ժամանակավրեպ է: Օբաման գտնում է, որ պետք է շանս տալ դիվանագիտությանը, ինչը կարող է արդյունավետ լինել:
2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: