27 դեկտեմբերի 2002 - 18:15 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ «ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ» ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԵՋ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը «անարդարացի» է անվանել Եվրամիության որոշումը Թուրքիայի նկատմամբ, որի համաձայն այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ բանակցությունները կսկսվեն միայն 2004 թվականի վերջին: Ինչպես տեղեկացրել է «Պրեսս-ցենտր.ռու»-ն, Ալիեւը նման կարծիք է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքեզի հետ հանդիպմանը: Նախագահի խոսքերով` Թուրքիան ավելի «շատ իրավունք» ունի անդամակցել Եվրամիությանը, քան այն 10 պետությունները, որոնք կընդգրկվեն այդ կազմակերպության կազմում 2004 թվականին: Էլի մեկ «անարդարացիություն եւ երկակի ստանդատի երեւույթ է» անվանել Ալիեւը հունական Կիպրոսի Եվրամիությանն անդամակցությունը: Ընդ որում նա պարսավել է ՄԱԿ-ին, որը գլխավոր քարտուղար Կոֆի Անանի միջոցով պաշտպանել է Եվրամիության մտադրությունը Կիպրոսի վերաբերյալ: Տվյալ հարցում, ընդգծել է Ալիեւը, Ադրբեջանը կպաշտպանի Թուրքիայի ցանկացած որոշումը: