30 հունվարի 2014 - 15:37 AMT
Օջալան. Քրդերը երբեք չեն ատել հայերին

Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նամակ է հղել հայերին, որը հրապարակվել է «Ակոս» թերթում: Իմրալի կղզում գտնվող բանտից Օջալանը գրում է, որ երբեք չի ատել հայերին և Քրդական աշխատավորական կուսակցությունը պայքարում է ոչ միայն հանուն քրդերի իրավունքների, այլ նաև տարածաշրջանի բոլոր ժողովրդների, այդ թվում հայերի: Ինչպես հայտնում է քրդական Firat-ը, Օջալանը նշել է, որ «ХХ դարի սկզբին հնուց ի վեր Միջագետքում ու Անատոլիայում ապրող հայերը սարսափելի Ցեղասպանության ենթարկվեցին, սակայն կարողացան վերապրել: Ես անկեղծորեն ուզում եմ հարգել Հրանտ Դինքի հիշատակը, Ցեղասպանության զոհերի հիշատակը ու հարգանքի տուրք մատուցել հայ ժողովրդին: Հրանտ Դինքը սպանվեց թուրքական իշխանությունների ներկայացուցիչների կողմից, ես հուսով եմ, որ այդ սպանությունն անհետևանք չի մնա»,- գրել է Օջալանը:

2014 թվականի հունվարի 13-ին Աբդուլլահ Օջալանը, հարգելով Հրանտ Դինքի հիշատակը, հաղորդագրություն էր տարածել բանտից. «Ես ողջունում եմ հայ ժողովրդի արժանի զավակի՝ եղբայր Հրանտի պայքարն ու հիշատակը»: Հաղորդագրությունը նա փոխանցել էր հունվարի 11-ին երկու քուրդ պատգամավորների միջոցով, որոնք այցելել էին Իմրալի:

Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում:

Photo: Press TV