Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական վարույթ է սկսել պետական իշխանությունը զավթելու փորձի փաստով: Այդ մասին հայտնել է Գլխավոր քննչական գերատեսչության պետ Մաքսիմ Լենկոն «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում: Գործը հարուցվել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» միավորման կիևյան գրասենյակի սերվերներից մեկի նյութերի ուսումնասիրման հիման վրա:
Ւնչպես հայտնել է Լենկոն, քննության ձեռք բերած նյութերի մեջ տվյալներ կան, որ այդ ակցիաների ծրագրման ժամանակ կանխատեսվում էր նաև ուժային զարգացման հնարավորություն: «Այսինքն մի տարբերակ, որի դեպքում ուժ կկիրառվի ցուցարարների դեմ, դա մեծ արձագանք կստանա ու կհեղինակազրկի գործող իշխանություններին ու նախագահին»,-պարզաբանել է նա: Ըստ նրա, երկու ամիս պահանջվեց հետաքննության համար:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Գնատիվը հայտարարել էր, որ նախարարության քննիչները տվյալներ ունեն, որ զանգվածային ցույցերն ու հանրահավաքները վաղուց էին ծրագրված: Ըստ նրա, դիտարկվել է նաև ուժային տարբերակը:
Մինչդեռ, ինչպես հայտնում է «Բորսայի առաջատար» վերլուծական լրատվական ամսագիրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, «Մայդանի հետ համերաշխության կոմիտեի» անդամ, տնտեսագետ Անդրեյ Իլարիոնովը «Գրոմադսկե TV» ալիքի եթերում հայտարարել է, որ «Ռուսաստանի իշխանությունները չեն հրաժարվել Ուկրաինայի մասնատման պլաններից, և պատրաստ են իրականացնել այդ սցենարը Վրաստանի օրինակով, որտեղ Կրեմլը փաստացի անջատեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան»: Ըստ նրա, Կրեմլում դիտարկում են հետագա զարգացումների չորս սցենարներ: Առաջինը նախատեսում է լիակատար հսկողության հաստատում Ուկրաինայի ողջ տարածքում այդ երկրի վստահությունը վայելող անձի միջոցով: «Բայց այդ տարբերակը գնալով քիչ հավանական է դառնում»,-ասել է Իլարիոնովը: Երկրորդ տարբերակը, որը նախատեսում է Ուկրաինայի ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ կառուցվածք, Մոսկվան այժմ որպես հիմնական է դիտարկում և դրան կողմ է ՌԴ իշխանությունների մեծ մասը: «Նպատակն է վերահսկողության սահմանումն Ուկրաինայի արևելքում ու հարավում»,-ասել է Պուտինի նախկին խորհրդականը: «Ըստ երրորդ տարբերակի, եթե չհաջողվի վերահսկողություն սահմանել Ուկրաինայի հարավ-արևելքում, ապա գոնե առավել կարևոր շրջաններում: Առաջին թեկնածուների թվում են՝ Օդեսան, Նիկոլաևը, Լուգանսկը, Դոնեցկը, Խարկովի շրջանը և Ղրիմը»,-ասել է Իլարիոնովը:
«Չորրորդ տարբերակով նախատեսվում է վերահսկողություն հաստատել Ղրիմում, կամ միայն Սևաստոպոլում: Ըստ էության, դա Ուկրաինայի միակ տարածաշրջանն է, որտեղ ռուս բնակչության տեսակարար կշիռը գերազանցում է բնակչության կեսը: Նախկինում նման ծրագրերի մասին խոսվել է մասնավոր ելույթներում, ակադեմիական բանավեճերում, իսկ այժմ ակտիվորեն քննարկվում է պետական հեռուստաալիքների ուղիղ եթերում: Ասվում է, որ Ուկրաինան չկայացած պետություն է, «պատմական թյուրիմացություն», ինչպես ժամանակին ասել էր Պուտինը, և գլխավորը, որ «Ռուսաստանի հետ վերամիավորման» պատմական շանսը մի քանի շաբաթից կարող է փակվել, ուստի հարցի լուծումը հնարավոր չէ հետաձգել»,-ամփոփել է Իլարիոնովը:
Ըստ actualnews.org-ի, ցրտերի պատճառով Մայդանում ցուցարարների քանակը նվազում է: Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է: Մայդանում մարդիկ փաստագրական ֆիլմեր ու նորություններ են նայում: Շատերը զբաղվում են հանրօգուտ գործով՝ բարիկադներ են կառուցում ու ապահովում են բոլորին տաք թեյով ու սնունդով:
Բողոքի զանգվածային ցույցերն Ուկրաինայում սկսվեցին 2013 թ. նոյեմբերին: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Իրավիճակը սրվեց 2014 թվականի հունվարի 16-ին, երբ Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը, որից ընդդիմությունն այս շաբաթ հրաժարական պահանջեց, հայտարարեց, որ հրաժարվում է խոսել վերջնագրերի լեզվով: Կիևում տեղի ունեցած բախումներում տուժել են հարյուրավոր ցուցարարներ ու տասնյակ միլիցիոներներ: Ասվում է նաև, որ զոհվել է 5մարդ:Հունվարի 28-ին հրաժարական տվեց վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ Յանուկովիչը ստորագրեց այն: