Մյունխենում ընթանում է անվտանգության 50-րդ հոբելյանական խորհրդաժողովը: Առաջին օրվա կենտրոնական թեման եղել է Սիրիայի ճգնաժամը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին արդեն քննարկել են «Ժնև-2»-ի արդյունքները:
Չնայած, որ զգալի առաջընթաց Ժնևում չի գրանցվել, «քառյակը» անհուսալի չի համարում իրավիճակը: Ասում են, լավ է արդեն այն, որ երկխոսությունը կայացել է: Եվ մեծ հույսեր են կապում միջսիրիական երկխոսության երկրորդ փուլի հետ, որ կսկսվի 10 օրից:
Ակնկալվում է, որ այսօրվա խորհրդաժողովում Լավրովը կանդրադառնա ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետո Ռուսաստանի հարաբերություններին ու մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա: Այդ թվում, Իրանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է ՌԴ ԱԳ նախարարին ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ արագացնելու համար քիմիական զենքի տեղափոխումը Լաթակիա նավահանգիստ:
«Քերին կրկին հայտարարել է, որ այդ աշխատանքների տեմպերն անընդունելի են: Նա նաև խոսել է տեղերում հումանիտար իրավիճակի մասին, հատկապես պաշարված շրջաններում, այդ թվում Հոմսում»,-ասվում է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Քերին ու Լավրովը քննարկել են խաղաղ բանակցությունների հաջորդ փուլի հեռանկարները: Նախօրեին Քերին սպառնացել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ռազմական ներխուժմամբ:
«Հիմա մենք գիտենք, որ Ասադի ռեժիմն այնքան արագ չի հանում քիմիական զենքը Սիրիայի սահմաններից, որքան խոստացել էր: Ես կցանկանայի հիշեցնել Բաշար Ասադին, որ պայմանավորվածությունը, որին մենք հասանք Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ հետ հստակ մատնանշում է, որ եթե խնդիրներ կան նորմերի պահպանման հետ, ապա կիրառվում է ՄԱԿ Կանոնադրության 7-րդ հոդվածը»,-ասել է Քերին:
ՄԱԿ Կանոնադրության 7-րդ հոդվածը թույլ է տալիս ուժ կիրառել բանաձևի դրույթները չկատարելու դեպքում: Մինչ այդ ԱՄՆ իշխանությունները մտահոգություն էին հայտնել, որ ժամանակացույցը չի պահպանվում քիմիական զենքի բաղադրիչների փոխանցման դեպքում: Այդ մասին Վարշավա այցելության ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՊՆ ղեկավար Չակ Հեյգելը: Նա նշել է, որ խնդրել է իր ռուս գործընկերներին ազդել Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք կատարեն քիմիական զենքի տարհանման վերաբեյալ համաձայնության դրույթները:
Ըստ նախնական պլանի, խիստ թունավոր նյութերը պետք է դուրս բերվեին Սիրիայից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն ժամկետները չհաջողվեց պահպանել երկրում անկայուն իրավիճակի պատճառով: Ըստ ճշտված ժամանակացույցի, առաջնահերթ կարգով պետք է դուրս բերվեն 20 տոննա թունավոր նյութեր, որոնք պետք է դուրս բերվեն մինչև 2014 թվականի մարտի 31-ը, իսկ մինչև հունիսի ավարտը սիրիական քիմիական զենքը պետք է լիովին ոչնչացվի:
Մյունխենի անվտանգության գծով խորհրդաժողովը, այսպես կոչված «Մյունխենի անվտանգության գծով Դավոսը» միջազգային ոչ կառավարական, անկախ խորհրդաժողով է, նվիրված անվտանգության կարևորագույն հարցերի քննարկմանը:
Հիմնվել է խորհրդաժողովը 1962 թվականին գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլայստի կողմից: Առաջին խորհրդաժողովը տեղի է ունեցել Մյունխենում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպում: 1998 թվականից ի վեր համաժողովը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից և ԳԴՀ ՊՆ բյուջեից:
Մոտ 30 տարի համաժողովը փակ ներդաշինքային միջոցառում էր: Ժամանակի հետ աշխարհագրական ընդգրկումը ընդլայնվեց՝ ՌԴ, ԱՊՀ ու Բալթիայի երկրների, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի երկրների հաշվին:
Մյունխենի խորհրդաժողովն անցկացվել է երկու անգամ՝ 1991 թվականին Պարսից ծոցում պատերազմի պատճառով և 1997 թվականին, երբ հիմնադիր Էվալդ ֆոն Կլայստը չցանկացավ շարունակել իր գործունեությունը 75 տարեկանից հետո, իսկ փոխարինող միանգամից չգտնվեց:
Այժմ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը միջազգային բանավիճային համաժողով է, որին մասնակցում են քաղաքական գործիչներ, դիվանագետներ, զինվորականներ, գործարարներ, գիտական ու հասարակական գործիչներ տասնյակ երկրներից: