6 փետրվարի 2014 - 12:37 AMT
Եգիպտական բանակի հրամանատարը կառաջադրվի նախագահի պաշտոնում

Եգիպտոսի բանակի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ աս Սիսին պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահի պաշտոնում: Հաղորդագրությունը հայտնվել է քուվեյթյան թերթի էջերում: Հարցազրույցում Աս Սիսին հայտարարել է, որ կատարում է ժողովրդի կամքը, այնպես որ ընտրություն չունի, հայտնում է euronews-ը:

Այն, որ գլխավոր հրամանատարը կմասնակցի ընտրությանը և նախագահ կդառնա, եգիպտացի ու արտասահմանցի վերլուծաբանների մոտ վաղուց արդեն կասկած չի հարուցում:

Մեկ ու կես շաբաթ առաջ զինխորհուրդն իր հրամանատարին թույլ տվեց մասնակցել ընտրությանը: Այդ քայլն անհրաժեշտ էր, քանի որ, ըստ վերջերս ընդունված եգիպտական սահմանադրության, զինվորականը չի կարող հավակնել բարձրագույն պետական պաշտոնի: Այնպես որ Աս Սիսին ստիպված կլինի թողնել ռազմական ասպարեզը:

Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը հայտարարեց նախագահական ընտրությունն ավելի շուտ անցկացնելու մասին՝ ըստ կիրակի օրը հրապարակված անցումային կառավարության որոշման նախագահական ընտրությունները խորհրդարանականներից շուտ տեղի կունենան: Ճշգրիտ օրը դեռ նշանակված չէ: Հրապարակված հրամանագրում ասվում է, որ նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենա փետրվարի 17-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում:

Նախագահի պաշտոնին հավակնում է նաև Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը: Մոտ մեկ տարի է անցել 2012 թվականի դեկտեմբերին իսլամիստների սահմանադրության ընդունումից, իսկ Եգիպտոսում արդեն հանրաքվել է անցնում երկրի նոր օրենքի նախագծի վերաբերյալ: Եվ կրկին խոսրը պառակտման պայմաններում: Նախկին սահմանադրությունը ստացել է մասնակիցների 64 տոկոսի հավանությունը: Ճիշտ է մասնակցությունը կազմեց ընդամենը 33 տոկոս, իսկ հանրաքվեն ուղեկցվում էր ամենևին էլ ոչ խաղաղ ցույցերով:

Հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին: Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա:

Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: