25 ապրիլի 2006 - 19:08 AMT
Լիտվան կաջակցի Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում
Բանակցությունները Լիտվայի նախագահի հետ արդյունավետ էին, քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, մասնավորապես, Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, գործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Այդ մասին Լիտավյի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք երախտապարտ ենք Լիտվային Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում քաղաքական բարեփոխումների իրականացման գործում օգնության եւ աջակցության համար»,-ասել է Ռ.Քոչարյանը: Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գործարար համաժողովներ անցկացնելու մասին, որոնց ժամանակ կորոշվեն տնտեսական կապերի զարգացման գերակայությունները: «Բանակցությունների ժամանակ մենք քննարկել ենք համագործակցությունը գյուղատնտեսության, պարենային ապրանքների անվտանգության, ուսանողների եւ մասնագետների փոխանակման ոլորտներում»,-նշել է նախագահը:
Իր հերթին, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը նշեց, որ անցած բանակցությունները կառուցողական էին: «Մենք պարտավոր ենք աջակցել Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Ժամանակն է խոսել Հարավային Կովկասի եւ Բալթիայի երկրների տարածաշրջանային համագործակցության մասին: Ես կարծում եմ, որ դա շուտով իրականություն կդառնա»,-ասել է Լիտվայի նախագահը: Նրա խոսքերով, ժողովուրդները պետք է ավելի շատ շփվեն, իրար ավելի լավ հասկանալու համար: «Առանց ուսանողների փոխանակման, առանց անձնական շփումների դժվար է հասկանալ միմյանց»,-ընդգծել է Ադամկուսը: