25 ապրիլի 2006 - 20:59 AMT
Մեծ Բրիտանիայի լեհերն ու ալբանցիները նշել են Հայոց ցեղասպանության տարելիցը
Ապրիլի 21 - 24-ը Լոնդոնում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 91-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Ապրիլի 21-ին Լոնդոնի Իլինգ համայնքի քաղաքային խորհրդում տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Իլինգի քաղաքապետ Մայքլ էլիոտը, Իլինգի ընտրատարածքից պառլամենտի անդամ Ստիվեն Փաունդը, Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի, Մեծ Բրիտանիայում լեհական, ալբանական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներ: Երեկոյին ներկա էր ՀՀ Վ.Գաբրիելյանը: Ապրիլի 22-ին Լոնդոնի կենտրոնական փողոցներով տեղի ունեցավ բրիտանահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված երթ (մոտ 500 մասնակից)` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ցեղասպանության փաստի մերժողական դրսեւորումները դատապարտող պաստառներով: Երթն ավարտվեց կառավարական գերատեսչությունների հարեւանությամբ տեղակայված երկու համաշխարհային պատերազմների զոհերի հուշարձանին համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակների տեղադրմամբ: Երթից հետո հայկական կազմակերպությունների անունից վարչապետի գրասենյակ փոխանցվեց Թ. Բլերին հասցեագրված ուղերձ: