26 ապրիլի 2006 - 14:14 AMT
Ջավախահայությունը դեմ է ռուսական ռազմակայանների դուրս բերմանը
Ջավախքի Ախալքալաք քաղաքի բնակիչները արգելափակել են 62-րդ ռուսական ռազմակայանին պատկանող կապի ռազմական մեքենայի տեղաշարժը: Հավաքվածները արգելափակել են մեքենան գետի ձորում եւ պահանջում են վերադարձնել ռազմական մեքենան ռազմակայան: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, կապի մեքենան ուղեւորվում էր Ծալկա: «Կապի մեքենայի մեկնումը ազդարարում է ռազմակայանի դուրս բերման մեկնարկը Ջավախքի տարածքից, քանի որ կապի մեքենան հետագայում ապահովելու է ծանր ռազմական տեխնիկայի դուրսբերումը»,-հաղորդել է անանուն աղբյուրը: Նրա խոսքերով, հայ բնակչությունը դեմ է ռուսական զինվորականների դուրս բերմանը, քանի որ լուծված չեն բազմաթիվ հարցեր, մասնավորապես, տարածաշրջանի հայերի անվտանգության եւ նրանց համար աշխատատեղերի ստեղծման խնդիրները: Նշենք, որ շատ ընտանիքներ ապրում էին ռուսական զինվորականների ներկայության շնորհիվ ստեղծված տնտեսական ենթակառուցվածքի հաշվին: Ջավախքի հայերը պահանջում են Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանություններից բացատրել, թե ինչու տեղի բնակչությունը չներգրավվեց ռուսական ռազմակայանի դուրս բերման շուրջ բանակցություններին: «Վրաստանի իշխանությունները մինչ օրս ամեն ինչ գաղտնի են պահում` չեն պարզաբանում, թե ով է փոխարնելու ռուս զինվորականներին, ինչը նույնպես հարուցում է Ջավախքի բնակչության զայրույթը»,-նշել է զրուցակիցը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: