26 ապրիլի 2006 - 18:13 AMT
Բաքուն հուսով է, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցում ճնշում կգործադրի Հայաստանի հանդեպ
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ն ճնշում կգործադրի հայկական կողմի վրա ղարաբաղյան հարցում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: Նա նշել է, որ ցանկացած իրադարձություն Հարավային Կովկասում, Կասպից ծովի եւ Սեւ ծովի ավազաններում գտնվում է Ադրբեջանի` որպես տարածաշրջանային երկրի, եւ ԱՄՆ-ի` որպես համաշխարհային տերության, շահերի դաշտում: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի միջեւ բանակցություններում կողմերը միմյանց դիրքորոշումները կպարզեն էներգետիկայի, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ոլորտների, ինչպես նաեւ Իրանի վերաբերյալ: «ԱՄՆ-ն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ն կավելացնի ճնշումը Հայաստանի կառավարության վրա, կաջակցի բանակցությունների ինտենսիվությանը միջազգային իրավական նորմերի շրջանակներում եւ միեւնույն ժամանակ կնպաստի նրան, որ հայկական կողմը առավել կառուցողական դիրքորոշում որդեգրի»,-ընդգծել է Ա.Հասանովը: