26 ապրիլի 2006 - 18:34 AMT
Մայիսի 5-ին Ադրբեջան կայցելի ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցողը
Մայիսի 5-ին Ադրբեջան կայցելի ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Գորան Լենմարկերը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովը: «Մենք արդեն նամակ ենք ստացել Գ.Լենմարկերից եւ նա Ադրբեջան կժամանի մայիսի 5-ին: Այստեղ նա անհրաժեշտ աշխատանք կտանի ԼՂ վերաբերյալ զեկույցի նախապատրաստման ուղղությամբ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա: Նախորդ հանդիպման ժամանակ մենք նրան տեղեկացրեցինք, որ նա այցելի նաեւ բռնի տեղահանվածների բնակեցման վայրեր»,-ասել է Բ.Մուրադովան: Նա նաեւ նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներ սկսելը ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում դեռեւս անարդյունավետ կլինի»:

«Ղարաբաղյան թեման քննարկվել է ԵԱՀԿ բոլոր միջոցառումներում, քանի որ Մինսկի խումբը կարգավորման միջնորդ է: Այս հարցի ներառումը օրակարգում կարող է կախված լինել խաղաղ բանակցությունների ընթացքից: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումները, Մինսկի խմբի համանախագահների ակտիվությունն ասում են այն մասին, որ այս տարի հակամարտության կարգավորման գործում կարող է առաջընթաց լինել: Կարծում եմ, որ միայն կոնկրետ արդյունքի դեպքում ԵԱՀԿ-ում կսկսվեն քննարկումներ ԼՂ շուրջ: Հակառակ դեպքում քննարկումները ոչ մի արդյունք չեն տա, քանի որ մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը»,-հայտարարել է նա:

Բ.Մուրադովան նշել է նաեւ, որ նույն կարգով այդ հարցը պետք է քննել նաեւ Ադրբեջանի խորհրդարանում: «Բանակցություններն անցնում են փակ դռների ետեւում, եւ մանրամասների մասին ոչ մի հայտարարություն չի արվում: Եթե չկա կոնկրետ արդյունք, ինչը՞ պետք է քննարկենք: Եթե լինեն կոնկրետ արդյունքներ, այդ դեպքում Ադրբեջանի խորհրդարանը կարող է քննարկել` ընդունել դրանք թե ոչ»,-ընդգծել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: