24 փետրվարի 2014 - 20:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գյուղնախ. ՄՄ-ին միանալը կխթանի գյուղմթերքի արտահանումը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը, բացի հավանական գնաճից, խոստանում է նաև դրական զարգացումներ` գյուղատնտեսական արտադրանքի ու դրանց արտահանման ծավալների արտահանում` ասել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղյանը` փետրվարի 24-ին ներկայացնելով ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ գյուղատնտեսության մասով արված աշխատանքները:

ՄՄ-ին միանալը հնարավորություն կտա դյուրինացնել միության անդամ երկրներ թարմ բանջարեղենն ու պտուղներն արտահանելը, ինչպես նաև Հայաստանին մրցակցային առավելություն կտա երրորդ երկրների համեմատ` ասել է փոխնախարարը:

Ըստ Բաղյանի, անդամկցումը ՄՄ-ին պահածոների, հյութերի, ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալների ավելացման կբերի, «ինչն էլ ինքնըստինքյան հնարավորություն կտա, որ մեր երկրի ներսում ավելի խորը զբաղվենք ու ավելացնենք մեր արտադրության ծավալները»:

«Խխնդիր ենք դրել ավելացնել մեր գյուղատնտեսական մթերքների ծավալները մինչև 2020 թվականը»,- նշել է գյուղատնտեսության նախարարի տեղակալը` բոլորելով ձկնարտադրության օրինակը:

Ըստ Բաղյանի` Հայաստանում ներկայում արտադրվում է տարեկան 11 հազար տոննա ձկնամթերք, ՄՄ-ի անդամկցությանն ընդառաջ նախատեսվում է այդ ծավալը հասցնել տարեկան 25 հազար տոննայի, իսկ ընդհանրապես երկրում ձկնարտադրության պոտենցիալը տարեկան 70 հազար տոննա է. «Անգամ ծավալը Ռուսաստանի կամ Ղազախստանի մեծ քաղաքներում ընդամենը մեկ ամսվա իրացման խնդիր է»:

Ուշագրավ է, որ Ռուսաստան, Ղազախստան ու Բելառուս Հայաստանից արտահանվում է երկրից արտահանվող գյուղմթերքների 65-70 տոկոսը, կան մթերքներ, որոնց ծավալը հասնում է 90-95 տոկոսի, ներկրվում է երկիր մտնող գյուղմթերքների 24-32 տոկոսը:

«ՄՄ-ից ներկրվող ապրանքների ծավալների ավելացում, քանի որ եթե մենք երրորդ երկրներից ներկրում ենք ոչ որակյալ, բարձր արժեքով մթերքներ, ապա ՄՄ-ին անդամկցումը հնարավորություն կտա ցածր մաքսատուրքով ներկրել դրանք»,- ասել է Բաղյանը:

Գյուղատնտեսության բնագավառում Հայաստան, ըստ Բաղյանի, ՄՄ երկրներից 0 մաքսային տոկոսադրույքով ներկրվում է գյուղտեխնիկա, սերմացու, հացահատիկ, տոհմանյութ, թունաքիմիկատներ, դիզվառելիք և այլն, ու բանակցությունները տանում են նրան, որ դրանց վերջում այս ապրանքները ունենան կամ ցածր կամ նույն 0 տոկոսը:

Գյուղմթերքի արտահանման ու ներկրման սանիտարական նորմերի մասով նույնպես, ՄՄ-ին միանալը դյուրինացնելու է գործընացը Հայաստանի ձեռնարկատերերի համար ու միության երեք երկրների միջև` նույն օրը հայտնել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ Լուսինե Դավթյանը: Նա ասել է, որ ներկայում ՄՄ երկրներ գյուղմթերք ու կենդանիներ արտահանելու կամ այնտեղից ներկրելու համար 40 տեսակի փաստաթուղթ է անհրաժեշտ, մինչդեռ անդամակցությունից հետո այդ թիվը կհասնի 4-ի:

Միաժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալի, կարևոր է, որ, ՄՄ տարածքում ոլորտին վերաբերող օրնեսդրական ամբողջ դաշտը լինելու է միայն միջազգային չափանիշների համապատասխան:

ՄՄ-ին միանալու համար Սահմանային անցումային կետերի հետ կապված այսօրվա իրավիճակը բավարար է` ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` ընգծելով, որ դա Եվրասիական տնտեսական հանձանաժողովի փորձագետների եզրակացությունն է:

Անդամակցման գործընթացում ՊԵԿ-ի մասով կատարվելիք աշխատանքներից են նաև մաքսային հաշվառման ոլորտում տեղեկատվության փոխանակումն ու մաքսակետերի արդիականացումն ու նույնականացումը:

«Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հիմա սկսել ենք սահմանների արդիականացման ծրագրերը, ապա եզրակացությունը մեկն է, որ աշխատանքների ավարտից հետո կունենաք ավելի բարձր պահանջներին բավարարող մաքսակետեր և սահմանային անցակետեր»,- ասել է Միրումյանը:

ՄՄ միանալու նպատակով ֆինանսների նախարարության աշխատակիցներն ուսումնասիրվել են ՄՄ մաքսային օրենսդրությունն ու հարկային այն հարաբերությունները, որոնք կարգավորվում են միության շրջանակում:

«Այստեղ խնդիրը մի փոքր այլ է: Երբ որ միանում են ՄՄ-ին, ապա անուղղակի հարկերի գանձման մասով որոշակի փոփոխություններ պետք է իրականացնենք»,- հարկային հարաբերություններին անդրադառնալով` նշել է Սուրեն Կարայանը:

Ներկայացնելով Դրամավարկային և արժութային հարցերի աշխատանքային խմբի կատարած աշխատանքները Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն ասել է, որ արժութային քաղաքականության, օրենսդրության համապատասխանեցման, դրամավարկային քաղաքականությունների հարմոնիզացիայի հետ կապված որևէ խնդիր այս պահին Հայաստանը չունի:

Ավելի վաղ նույն օրը Ստեփանյանն անդրադարձել է նաև ՄՄ-ին անդամակցելու դեպքում գների հնարավոր աճին:

«ՄՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակվում է, և Կառավարության մեր գործընկերները նշել են, որ դեռևս բանակցային փուլում է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց համար հնարավոր է մաքսատուրքերը պահպանվեն այնքանով, ինչքանով հիմա Հայաստանում են»,- ըստ Tert.am-ի` ասել է Ստեփանյանը:

«Այստեղ դեռևս անորոշ է, թե ինչքան հավելյալ գնաճ կարող է առաջանալ, բայց ամենակարևորն այն է, որ Կենտրոնական բանկն ու Կառավարությունը գնաճի նպատակային թիրախը 4 տոկոս են սահմանել [2014-ի համար] և գնաճը կառավարվելու է այս մակարդակում»,- հավելել է նա:

Փետրվարի 19-ին ներկայացնելով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ուղղությամբ էկոնոմիկայի նախարարության մասով տարվող աշխատանքները, փոխնախարար Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել էր, որ նախարարությունն արդեն կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են ՄՄ-ին անդամակցելուց հետո։ Ըստ նրա՝ բացառություն կազմող ապրանքներ ևս կլինեն:

Ցանկում մոտ 900 ապրանք կա, որոնք ավելի ցածր մաքսային դրույքաչափերով են ներմուծվում Հայաստան, քան ՄՄ համար գործող դրույքաչափերն են, բայց այն դեռևս ճշգրտվում է: Փոխնախարարի խոսքով, ՄՄ-ին անդամակցելուց հետո հնարավոր գնաճը կարող է կազմել 1.4 տոկոս․ որոշ ապրանքների մասով մաքսատուրքերի դրույքաչափերի տարբերություն կա:

ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին են Սոչիում անդրադարձել նաև ՀՀ ու ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը: Հանդիպման ավարտին վարչապետ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել է «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

«Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Ռուսական կողմը բարձր է գնահատել մեր աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի «Ճանապարհային քարտեզ»-ն ավելի արդյունավետ ներդրվի, որովհետև անհրաժեշտ են նաև գրանտային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձևավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը, ինչպես նաև, որպեսզի ունենանք միասնական ցանցեր: Այդտեղ մենք ակնկալում ենք մեր գործընկերների օժանդակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ կան հաշվարկներ, թե ըստ ոլորտների ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ այդ ենթակառուցվածքները բարելավելու համար, սակայն այդ ցուցանիշները կհնչեցվեն այն բանից հետո, երբ բանակցությունները կավարտվեն:

ՖՈՏՈՇԱՐՔ