28 ապրիլի 2006 - 19:35 AMT
Հայի սպանության մեջ մեղադրվող Դենիս Կուլագինը ազատ է արձակվել
Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող մոսկովյան դպրոցներից մեկի աշակերտ Դենիս Կուլագինը ազատ է արձակվել: Իրավապաշտպան մարմիններում առկա աղբյուրի խոսքերով, դպրոցականը ազատ է արձակվել 72-ժամյա կալանքի տակ գտնվելուց հետո: «Ըստ օրենքի, նրան կամ պետք է մեղադրանք ներկայացվեր, կամ երկարաձգվեր կալանավորման ժամկետը: Քանի որ մեղադրանք չի ներկայացվել, նրան ազատ են արձակել»,- նշել է աղբյուրը: Ընդ որում, 11-րդ դասարանի աշակերտը մնում է գլխավոր կասկածյալների թվում: Այժմ հետքննությունը դիտարկում է կատարվածի բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում եւ ազգային ատելության հողի վրա սպանության վարկածը:
Այնինչ, ինչպես ավելի վաղ ասվել էր, միանգամից մի քանի ռուսական թերթեր գրում են, որ սպանության մեղադրանքով ձերբակալված 17-ամյա Դենիս Կուլագինը չի կատարել այդ հանցագործությունը: Դպրոցականի մոր խոսքերով, նա ինքն է ստիպել նրան խոստովանել, թե սպանություն է կատարել` քննիչների սպառնալիքների պատճառով: Բացի այդ, չի գտնվել սպանության գործիքը` դանակը, իսկ դիտարկման տեսախցիկները ոչինչ չեն նկարահանել: Այդպիսով, քննությունն ունի միայն անչափահասի խոստովանությունը, որին ապօրինի հարցաքննել են մի քանի ժամ շարունակ առանց մոր կամ փաստաբանի ներկայության: Կասկածելի է նաեւ այն փաստը, որ դանակով վիրավորվել է եւս երկու հոգի: Վերքերը վտանգավոր չէին, սակայն, ըստ զոհված ուսանողի ընտանիքի փաստաբանի, եւս երկու վիրավորների առկայությունը լիովին հերքում է միայնակ մարդասպանի մասին վարկածը:
Հիշեցնենք, ապրիլի 22-ին «Պուշկինսկայա» մետրոյի կայարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Արդյունքում մոսկովյան բուհերից մեկի ուսանող, ազգությամբ հայ Վահան Աբրամյանցը դանակահարությունից տեղում մահացել է: Միջադեպից անմիջապես հետո կռվի մասնակիցները անհետացել են դեպքի վայրից: Տվյալ փաստով Մոսկվայի մետրոպոլիտենի դատախազությունուն քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածով (սպանություն):