Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը, ելույթ ունենալով Խազար համալսարանում «Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» զեկույցով, զուգահեռներ է անցկացրել ղարաբաղյան հակամարտության ու Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու մտադրության միջև:
«Այն, ինչ կատարվում է Բրիտանիայում, նույնպես հետաքրքիր է: Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սանձազերծելու փոխարեն, մենք հանրաքվե կանցկացնենք: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հարցում ևս ելքը պետք է հանրաքվեն լինի: Դա տրամաբանական փոխզիջում է կարգավիճակը որոշելու համար: Գոյություն ունի հակամարտություն, մեկը ուզում է մնալ Ադրբեջանի կազմում, մյուսը՝ չի ուզում: Մեր պարագայում էլ նույն իրավիճակն է: Ոմանք ուզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, ոմանք՝ ոչ: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,-ասել է Սիդդիգը՝ «տարակուսանք» առաջացնելով ադրբեջանական հասարակության շրջանում:
Ինչպես գրում է ադրբեջանական Haqqin.az-ը, մեջբերելով բրիտանացի դիվանագետին, «Շոտլանդիայի ու Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնող դեսպանի դիրքորոշումն այնքան էլ կոռկետ չէ: Մի՞թե դեսպանը չի հասկանում, որ հանրաքվեի արդյունքները միատարր Ղարաբաղում, որտեղից բռնագաղթվել է ադրբեջանական բանկչությունը, հեշտությամբ կարելի է կանխատեսել: Մի՞թե դեսպանի նման խելացի մարդը տարբերություն չի տեսնում երկու որակապես տարբեր խնդիրների միջև»:
Շոտլանդիան անկախություն կստանա 2016 թվականի մարտի 24-ին, եթե շոտլանդացիների մեծամասնությունը 2014 թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք անկախության հանրաքվեում կողմ արտահայտվի Մեծ Բրիտանիայից անջատվելուն: 2013 թ. նոյեմբերի 26-ին տեղի կառավարությունը Էդինբուրգում ներկայացրեց «սպիտակ գիրքը»: Այդպես է կոչվում Միացյալ Թագավորության այդ հատվածին անկախությունը վերադարձնելու մասին փաստաթուղթը: «Դա հիմնարար մի փաստաթուղթ է, որը բացահայտում է անկախության տնտեսական, սոցիալական ու դեմոկրատական գործընթացները: Այնտեղ շարադրված են Շոտլանդիայի ուժեղ ֆինանսական կողմերն ու մանրամասն նկարագրված է անկախացման գործընթացը»,-հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Սթարջոնը:
«Սպիտակ գրքի» հետ մեծ հույսեր են կապվում: «Դա անկախացման ձեռնարկ է, որը նման տիպի փաստաթղթերից ամենամանրամասնն ու ընկալելին կլինի երբևէ հրապարակվածների շարքում: Այն կարող է օգտակար լինել ոչ միայն Շոտլանդիայի, այլ ցանկացած անկախ երկրի համար», ասել է Սթարջոնը:
Մարտի 24-ը որպես Շոտլանդիայի անկախացման հնարավոր օր պատահաբար չի ընտրվել: 1603 թվականին այդ օրը կնքվեց «Թագերի դաշինքը», որը միավորեց Անգլիան ու Շոտլանդիան արքայատոհմային դաշինքով, որի շրջանակում երկու թագավորություններն անկախ մնացին մոտ 100 տարի:
Ինչ վերաբերում է հանրաքվեի օրվան, ապա այն ընտրվել էր դեռևս մարտին: Այն ժամանակ հասարակական կարծիքի հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Շոտլանդիայի անկախացման օգտին է հանդես գալիս բնակչության ընդամենը 30 տոկոսը, իսկ մոտ 50 տոկոսը համաձայն է, որ ստատուս քվոն պահպանվի: Թե ինչ փոփոխություններ են եղել վերջին շրջանում, հայտնի չէ: